«Վստահ եմ, որ Հայաստան-ԵՄ պայմանագիրը կստորագրվի, բայց դրանից հետո է գալիս իմ ամենամեծ մտավախությունը». Թևան Պողոսյան

«Ինստիտուցիոնալ զարգացում, առաջընթաց, որը կարելի է ունենալ և պահել, որը փորձված է փորձով և ռեալ օրինակով»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ է տալիս ԵՄ-ն, որ չի տալիս ԵԱՏՄ-ն:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն ասում է՝ շուկա է, որն այսպես պետք է աշխատի. «Ցավոք սրտի, գիտենք, որ, եթե ուզում ես այդ շուկայում որևէ բան վաճառել, պետք է ունենաս կա՛մ ծանոթ, կա՛մ կոռուպցիոն ռիսկերի մեջ մտնես: ԵՄ-ի շուկայում այդ խնդիրները չկան: Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր ներքին կյանքը կոռուպցիայից զերծ լինի, մարդու իրավունքները հարգվեն, պետական ինստիտուտները ճիշտ ձևով աշխատեն, հաշվետու լինեն, թափանցիկ աշխատեն, ցանկանո՞ւմ ենք, որ հանրությունը զգա՝ ինչպես տերն իր երկրի, և քաղաքացիական հասարակության իրական ձևավորում տեղի ունենա, ուրեմն՝ պետք է հասկանանք՝ որ տեղի հետ մենք պետք է մեր սոցիալիզացիան անենք, ու, որ տեղի հետ մենք պետք է ինչ-որ բաներ սովորենք: Բան ունե՞նք այսօր ղազախական կամ բելառուսական մոդելներով սովորելու, միգուցե, թե ինչպես պետք չէ անել, այդ մի բանը կարելի է նրանցից սովորել, իսկ Եվրոպական միության երկրներից շատ բաներ կա սովորելու»: Թ. Պողոսյանի կարծիքով՝ աշնանը ստորագրվելիք Հայաստան-ԵՄ պայմանագիրը թույլ է տալիս, որ Հայաստանն այդ ճանապարհով զարգանա:

Նրա դիտարկմամբ՝ այս պայմանագիրը շանս է տալու, որ մենք որևէ մի կետից հասնենք այլ կետի. «Ուրախ եմ, որ պայմանագրի տեքստը հրապարակվել է, որ բոլորը կարող են տեսնել, որ Հայաստանը խաղում է բաց և թափանցիկ, չկա որևէ խոչընդոտ ստորագրելու, ինչպես բազմաթիվ անգամներ ասել եմ, չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որ պայմանագիրը ստորագրվելու է, այս գործողություններն ապացուցում են դա: Հուսամ, որ կստորագրվի առանց որևէ խնդիրների, դրանում վստահ եմ, բայց դրանից հետո է գալիս իմ ամենամեծ մտավախությունը՝ ի՞նչ որակով ենք մենք իրականացնելու այդ պայմանագրի կետերը:

Կարող ենք ուրախ լինել, որ նոյեմբերի 24-ին կունենանք իրականում արդիականացված նոր իրավական փաստաթուղթ ԵՄ երկրների հետ, բայց որից հետո գնալու է գործընթաց: Կարծում եմ՝ աշխատանքը, որը միտված է եղել մինչև ամսի 24-ը, կատարվել է, կարելի է վաղն էլ ստորագրել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս