Ղազախստանում հայտարարել են, որ սահմանների հսկողության ուժեղացումը չի խախտում ԵԱՏՄ-ի նորմերը
Ղազախստանը, որն ավելի վաղ Ղրղզստանի հետ սահմանին ուժեղացված հսկողություն է սահմանել ապօրինի ներմուծման դեմ պայքարի շրջանակներում, չի խախտում ԵԱՏՄ-ի նորմերը: Այս մասին հայտարարել է երկրի ազգային էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը:
Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանն անվտանգության ուժեղացված միջոցներ է սահմանել հանրապետության հետ սահմանում, ինչը հանգեցրել է մեծ խցանումների, որոնցում կուտակվել են ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաներ: Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարությունը նամակ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին առ այն, որ, գերատեսչության կարծիքով, Ղազախստանը խախտում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները:
«Ո՛չ, իհարկե: Մենք գործում ենք մեր օրենսդրության շրջանակներում եւ այն պարտավորությունների շրջանակներում, որոնք մենք ստանձնել ենք ԵԱՏՄ-ում»,-լրագրողներին ասել է Սուլեյմենովը՝ ամփոփելով կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի արդյունքները:
Նա նշել է, որ ցանկացած երկիր, իր տնտեսական եւ մյուս շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում, կարող է կիրառել ներքին միջոցներ: «Ըստ իս, որեւէ բան քաղաքականացնելու անհրաժեշտություն չկա, պարզապես հարկավոր էբոլոր շահագրգիռ գերատեսչությունների գծով, ինչպես մեր, այնպես էլ ղրղզական, շարունակել օպերատիվ աշխատանքը եւ ջանալ լուծել առկա խնդիրները»,-ասել է Սուլեյմենովը:
Ղրղզստանի պետական սահմանային ծառայության տվյալներով՝ ավելի վաղ երկրների միջեւ գործող խոշոր անցակետերում սահմանը հատողների թիվն օրական միջին հաշվով կազմում էր 8,1 հազար, այժմ այն նվազել է մինչեւ 3,4 հազար: Ներկայում 662 միավոր փոխադրամիջոցներից սահմանը հատում էոչ ավելի, քան 350 ավտոմեքենա:
Հոկտեմբերի 15-ին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտարարել է, որ պատրաստ է ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի գումարում պահանջել, եթե Ղազախստանը 2-3 օրվա ընթացքում չհանի սահմանային սահմանափակումները: Ղրղզստանի սահմանապահ գերատեսչության տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 16-ին բոլոր անցակետերում դիտվել է ավտոմեքենաների մեծ կուտակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: