«Ամենակարևորն այն է, որ ՀՀ նախագահը կրկին հայտարարեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Ստեփան Մարգարյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ հնարավոր չէ գնահատական տալ, թե Սարգսյան-Ալիև հանդիպմանը, թե դրա ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին, քանի որ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է քննարկվում բանակցային գործընթացում.

«Բայց հանդիպումից հետո արված հայտարարությունից կարելի է որոշակի եզրակացություններ անել։ Սկսենք նրանից, թե ինչ նախորդեց այս հանդիպմանը․ հիշում եք՝ Ալիևի հայտարարությունը, երբ նա ասաց, որ արհամարհում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և առանց դրանց են լինելու բանակցությունները։ Դրան հետևեց Հայաստանի կոշտ պատասխանը, ինչը կարծում եմ՝ ճիշտ էր։ Բայց դրանց մեջ նաև տողատակեր կային, որովհետև Հայաստանն ասում էր, որ առանց նախապայմանների չի անում։ Այս հայտարարության իմաստն այն էր, որ միևնույն է՝ այդ նախապայմանները մեզ համար կարևոր են, և միևնույն է՝ քննարկվելու են։ Ես վստահ եմ, որ դրանք քննարկվել են, այլ հարց է, թե ինչ կոնտեքստով»։

Մարգարյանի խոսքով՝ հնարավոր չէ որևէ հանդիպման ժամանակ անվտանգության հարց չքննարկել, հետևաբար, ըստ փորձագետի՝ այդ հարցը ևս արծարծվել է։

«Ալիևը բնականաբար ուզում էր այլ ուղղությամբ տեղափոխել բանակցությունները։ Անշուշտ, տևական ժամանակ է՝ ամբողջ կռիվը գնում է նրա շուրջ, որ ինչ-որ ձևով փոխվի ստատուս քվոն։ Ադրբեջանին դա է ձեռք տալիս, Հայաստանին առայժմ դա ձեռք չի տալիս։ Ալիևը դեմ է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որովհետև եթե նորմալ մոնիտորինգային գործընթաց սկսվի, ապա ըստ Ադրբեջանի՝ ստատուս քվոն շարունակվելու է պահպանվել՝ ի օգուտ Հայաստանի։ Նրանց տեսակետից հետևյալն է՝ արագ լուծում տանք կամ մենք չենք համաձայնի որևէ մոնիտորինգի, որևէ ստատուս քվոյի պահպանման»։

Քննարկման մյուս մասնակիցը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ասաց, որ բանակցային գործընթաց, իհարկե, կա.

«Այս երևույթն, անկախ արդյունքներից, պետք է դիտել միայն դրական տեսանկյունից։ Այստեղ երկու կողմն էլ գնացել են դասական դիվանագիտության և բանակցային դիվանագիտության տրամաբանության ճանապարհով՝ պետք է լինեն բանակցություններ պետությունների միջև, անգամ եթե նրանք գտնվում են պատերազմական վիճակում»։

Ըստ Նավասարդյանի՝ Ալիևը շատ լավ գիտի, որ առանց նախապայմանի կամ պայմանի բանակցություն չի լինում.

«Անպայման այնտեղ կան պայմաններ ու նախապայմաններ, կոնֆլիկտային իրադրություն, կոշտ մոտեցում, մանևրելու պահեր։ Մենք իրոք չգիտենք, թե ինչ է իրականում քննարկվում բանակցային գործընթացում, որովհետև կանոնների մեջ մտնում է բանակցության գաղտնի բլոկը, առանց որի բանակցությունն իր իմաստը կորցնում է։ Այն, որ նախագահներն առանձին էին զրուցում, վկայում է այն մասին, որ նախ պետք չէր հրապարակել, պետք է համաձայնության գալ, համանախագահների հետ համաձայնեցնել։ Հայտարարության մեջ պարզ ասվում է, որ երկու կողմերն էլ փորձում են լարվածությունը թուլացնել։ Ամենակարևորն այն է, որ ՀՀ նախագահը կրկին հայտարարեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Տեսանյութեր

Լրահոս