Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման գործով կալանավորի կյանքին վտանգ է սպառնում. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանի կյանքին վտանգ է սպառնում։

Այս մասին երեկ հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ նշելով, որ իրենք ահազանգ են ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով խցից տեղափոխվել է այլ մաս, որտեղ նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում:

Մեր զրույցում Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանն ասաց, որ իր պաշտպանյալին մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց, որտեղ անվտանգության խնդիր կա: Նշենք, որ մի քանի ամիս առաջ գրել էինք, որ Արկադի Քոչինյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել առանձին խուց: Նա նշել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Այս պահին պաշտպանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով. «պաշտպանյալս թույլ չի տալիս որեւէ տեղեկություն տրամադրել լրատվամիջոցներին՝ իր եւ քրեական գործի հետ կապված»:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ– ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրե­լը։ Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ սպանության նախապատրաստության հե­տևում կանգնած է օրենքով գող Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանևսկոյը։

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Եթե Արկադի Քոչինյանը սպանվի կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ամբողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը»,- իր հայտարարության մեջ նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս