«Ադրբեջանը, ուշ, թե շուտ, փոխելու է իր դիրքորոշումը». Դավիթ Բաբայան

Պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է ՀՀ և Ադրբեջանի մակարդակով կազմակերպված հանդիպումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հոկտեմբերի 16-ին  Ժնեւում  կայացած հանդիպմանը:

«Սա, փաստորեն, ամենաբարձր մակարդակն է, որը թույլ է տալիս քննարկել ամենաբարդ հարցերը, որոշումներ կայացնել, պահպանել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում:

Ընդհանրապես, ավանդույթի համաձայն՝ երկու խոշոր խումբ հարցեր են քննարկվում այս հանդիպումների ժամանակ. առաջինը՝ ընդհանուր կարգավորմանը  վերաբերող խնդիրներն են՝ խաղաղ կարգավորում, կայունություն եւ խաղաղության պահպանում, ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի պահպանում, երկրորդն ավելի կոնկրետ խնդիրներն են:

Դրանք Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են եւ այստեղ համապատասխան քայլերի իրականացումը: Իհարկե, Բաքուն, ըստ ամենայնի, խոչընդոտում է  այդ գործընթացը, բայց սրանք այն հարցերն են, որոնք պետք  է լինեն օրակարգում»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ կարեւորելով նաեւ այն, որ նման հանդիպումներին ներգրավված են գերտերությունները՝ տվյալ դեպքում եռանախագահող երկրները, որոնք  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից են:

«Իհարկե, շատ կցանկանայի, որ ինչ-որ քայլեր  ձեռնարկվեին կոնկրետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,- ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշման փոփոխմանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ  դրա համար շատ ժամանակ է հարկավոր:

«Մՙիջազգային հանրության հստակ դիրքորոշում ու քայլեր են անհրաժեշտ, սակայն կարծում եմ՝ ուշ թե շուտ, դա տեղի է ունենալու»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ առաջնահերթ կարեւորություն է տրվում տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանը:

Տեսանյութեր

Լրահոս