«ԼՂ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է». Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին եւ հանդես է եկել ելույթով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին հյուրընկալության եւ Միջխորհրդարանական միության վեհաժողովի գերազանց կազմակերպման համար:
«Ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից ելույթ ունենալ եւ ներկայացնել այն հարցերի տեսլականը, որոնք վերաբերում են մեզ բոլորիս: Միջմշակութային բազմազանության առաջխաղացումը միջկրոնական եւ ազգամիջյան երկխոսության միջոցով կարեւորագույն նախադրյալ է ժամանակակից հասարակության կայուն զարգացման համար: Լինելով առաջին քրիստոնյա երկիրն աշխարհում, գտնվելով տարբեր մշակույթների եւ կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ յուրահատուկ հնարավորություն է ունեցել հաղորդակցվելու բազմաթիվ քաղաքակրթությունների հետ: Այս փոխգործակցության շնորհիվ Հայաստանում են գտնվում հելլենիստական դարաշրջանի հնագույն տաճարը, բազմաթիվ հին եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանոցը եւ 18-րդ դարի յուրօրինակ մզկիթը: Շուտով Հայաստանում կավարտվի աշխարհում ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը»,- ասել է Բաբլոյանը:
Նրա խոսքով` միջմշակութային այդ կապերը գոյություն ունեն այլ մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի շնորհիվ: Բաբլոյանն ընդգծել է, որ վերջերս կարեւոր քայլ կատարվեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ:
Ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` քրդերը, ռուսները, եզդիները եւ ասորիները, ստացան երկրի խորհրդարանի պատգամավորի մանդատներ: «Այսօր մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Նրանք, որոնց հաջողվեց վերապրել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, ցրվեցին աշխարհով մեկ: Այնտեղ, որտեղ մեր հայրենակիցները գտան իրենց նոր տունը, կազմակերպեցին կենսունակ, լիարժեք ինտեգրված համայնքներ՝ միաժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Մեզ համար միշտ հաճելի է լսել հայկական սփյուռքի ավանդի մասին, որը նպաստում է աշխարհի շատ երկրների զարգացմանը:
Այսօր մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում հայերի եւ այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ճակատագրով: Տարածաշրջանում ահաբեկիչների կողմից ազգային եւ կրոնական հիմքով իրականացվող հանցագործությունները չեն խնայում մեր հայրենակիցներին՝ հայերին, ովքեր անհիշելի ժամանակներից Մերձավոր Արեւելքի բազմազգ, բազմամշակույթ ներկապնակի անբաժանելի մասն են: Հայաստանը միայն Սիրիայից ընդունել է ավելի քան քսան հազար փախստական՝ դրանով իսկ դառնալով Սիրիայի փախստականներին ընդունած՝ ըստ բնակչության թվի հաշվարկի Եվրոպայի երրորդ երկիրը: Մենք փորձում ենք նաեւ օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում՝ ապահովելով մարդասիրական օգնության առաքում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանը հավելել է, որ Սիրիայի ճգնաժամը սրել է հակասությունները Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս: «Մենք տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ դրա սկզբնապատճառների, զարգացման կամ լուծման ուղիների վերաբերյալ, բայց մենք պետք է մարդասիրական հարցերի առնչությամբ հավատարիմ մնանք միասնական դիրքորոշմանը: Տուժած համայնքների պաշտպանությանը եւ վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ գոյություն ունեցող հակասություններից»,- ասե;լ է Բաբլոյանը:
Խոսելով միջմշակութային բազմակարծության եւ խաղաղության զարգացման, քաղաքակրթությունների ու մշակույթների միջեւ երկխոսության, նրանց միջեւ փոխգործակցության մասին՝ Արա Բաբլոյանը հիշել է այնպիսի էական անփոխարինելի հասկացություններ, ինչպիսիք են բազմազանությունը եւ համերաշխությունը, որոնք փոխկապակցված լինելով՝ կարող են առաջ մղել միմյանց:
Նա ընդգծել է, որ պատմության ողջ ընթացքում բռնությունը ջնջել է երկրագնդի երեսից շատ քաղաքակրթություններ եւ իրենց բնօրրաններում ոչնչացրել եզակի մշակութային շերտեր: «Այլ մշակույթների ոչնչացման գաղափարները չէին լինի իրագործելի, եթե անհանդուրժողականությունը եւ ատելությունը բազմազանության նկատմամբ այլատյաց միջավայրերում չգտնեին պարարտ հող: Ցավոք, այսօր մենք շարունակում ենք ականատեսը լինել տարբեր երկրներում քրիստոնեական, բուդդիստական եւ իսլամական հուշարձանների ոչնչացմանը: Վերջերս Սիրիայում ահաբեկիչների կողմից պայթեցվել է 15-րդ դարի Քառասուն նահատակների հայկական եկեղեցին: Իրավիճակը սարսափելի է նաեւ հարեւան Ադրբեջանում, ուր ոչնչացվել է հայկական մշակութային եւ հոգեւոր յուրահատուկ ժառանգությունը, ավերվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ, եզակի խաչքարեր եւ այլ սրբավայրեր: Համանման իրավիճակ է տիրում նաեւ Թուրքիայում, որտեղ բազմադարյա հայ ժառանգությունը համակարգված եւ հետեւողականորեն ավերվել է»,- նշել է Բաբլոյանը:
Նրա խոսքով` այլատյացության եւ անհանդուրժողականության քաղաքականությունը, որն իրականացվում է մի շարք երկրների կողմից, շարունակում է խոչընդոտել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Մեկն այդ երկրներից Ադրբեջանն է, որը փոխանակ ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընտրել է ուժի լեզուն՝ ռազմատենչ եւ այլատյաց հռետորաբանությունը:
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Բաքուն մերժում է միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի առաջարկները, հրաժարվում է իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ իր երկրում հրահրելով հակահայկական հիստերիա եւ ամեն կերպ ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հաղորդել միջէթնիկական եւ միջկրոնական բնույթ, որը որեւէ տեղ չի տանում: Սակայն, հակամարտության էությունը բոլորովին այլ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է:
«Մահաթմա Գանդին ասել է. «Անհանդուրժողականությունն ինքնին բռնության ձեւ է եւ խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգու աճին»:Հանդուրժողականությունը, ուրիշների ազգային, մշակութային եւ կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ժողովուրդների ներդաշնակ եւ խաղաղ համակեցության եւ զարգացման նախադրյալներից են»,-եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: