«Vilfood-ում ամբողջ աշխատանքը կատարվում է ձեռքով, եթե ինչ-որ բան լավ չի ստացվում, կազմակերպիչ կանայք ասում են՝ թափեք, նորից արեք»
Հոկտեմբերի 13-15-ն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած Armprodexpo 2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում իր արտադրանքն էր ներկայացնում 2007թվականից գործող հայկական Vilfood ընկերությունը, որը զբաղվում է պահածոների արտադրությամբ։
«Մենք արտադրում ենք կոմպոտներ, մուրաբաներ, ունենք հետաքրքիր օշարակներ, տարբեր բանջարեղեններից պատրաստված պահածոներ։ Մեր արտադրանքը միշտ պահում է իր որակը, էկոլոգիապես մաքուր է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության արտադրանքը ներկայացնող Արփինե Հարությունյանը։
Նրա խոսքով՝ արտադրանքի հումքը բացառապես հայկական է. «Հայաստանի տարբեր շրջաններից ենք մթերում գյուղարտադրանքը։ Մեր գործարանը գտնվում է Հրազդանում։ Ամբողջ աշխատանքը կատարվում է ձեռքով, հատիկ-հատիկ հավաքվում է, եթե ինչ-որ բան լավ չի ստացվում, կազմակերպիչ կանայք ասում են՝ թափեք, նորից արեք»։
Նա նշեց, որ Vilfood-ի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ. «ԱՄՆ-ի նահանգներից աշխատում ենք Նյու Յորքի, Լոս Անջելեսի հետ, հիմա աշխատում ենք նոր պայմանագրերի վրա, փորձում ենք ավելի ընդարձակվել։ Մենք հիմնականում արտահանման վրա ենք աշխատում, այս պահին հայկական շուկայում մեր գործունեությունը մեծ չէ։ Մեր արտադրանքը կարելի է գտնել բոլոր խոշոր խանութներում ու սուպերմարկետներում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում