
Կատալոնիայի ղեկավարի պատասխանը չի բավարարել Մադրիդին

Անկախության հանրաքվեից հետո Կատալոնիայում ստեղծված իրադրության վերաբերյալ տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնի պատասխանը չի բավարարել Մադրիդին: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան։
Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին Կատալոնիայի իշխանություններից պահանջել էր բացատրել՝ հռչակել են նրանք արդյոք անկախություն: Հոկտեմբերի 16-ին հրապարակվել է Ժեներալիտետի ղեկավարի նամակը, որում նա առաջարկում է երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: «Նամակը, որը մենք ստացել ենք, պատասխան չի տալիս հարցմանը»,- նախարարի խոսքը մեջբերել է Vanguardia հրատարակությունը:
Ավելի վաղ նշվել էր, որ եթե պատասխան չլինի կամ այն չբավարարի Իսպանիայի իշխանություններին, ապա կառավարությունը հոկտեմբերի 19-ին կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել ինքնավար հանրակցության ինքնակառավարումը:
Պուչդեմոնը պետք է պատասխաներ մինչեւ հոկտեմբերի 16-ը:
«Երկխոսության մեր հրավերն ազնիվ է ու անկեղծ: Այդ կապակցությամբ առաջիկա երկու ամսում մեր առաջնահերթ խնդիրը երկխոսություն սկսելն է»,-գրել է Պուչդեմոնը՝ չպատասխանելով տարածաշրջանին կարգավիճակի վերաբերյալ հարցին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: