
Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը կզրկվի Պատվո լեգիոնի ֆրանսիական շքանշանից

Ամերիկացի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը աղմկալի սկանդալի կենտրոնում է հայտնվել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու պատճառով, կզրկվի Պատվո լեգիոնի ֆրանսիական շքանշանից, որի ասպետ է նա դարձել 2012 թվականին: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով TF1 հեռուստաալիքի եթերում:
«Ես նախաձեռնել եմ ընթացակարգ, որպեսզի հետ կանչեմ նրա Պատվո լեգիոնի շքանշանը: Ես շքանշանի կանցլերին խնդրել եմ կարգապահական ընթացակարգ սկսել. որոշումը կընդունվի»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Վայնշտեյնը Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ է դարձել 2012 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի «Արտիստը» ֆիլմի (2011 թվական) ստեղծմանը մասնակցելու համար: Պարգեւը նրան հանձնել է (այդ ժամանակ) Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Պատվո լեգիոնի շքանշանը շնորհվում է ռազմական եւ քաղաքացիական բացառիկ վաստակի համար. այսօրվա դրությամբ դրա անդամ է 95 հազար մարդ, նրանցից մի քանի հազարը այլ երկրների քաղաքացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: