
Քլինթոնը Wikileaks-ը դիտում է որպես «ռուսական հետախուզության մասնաճյուղ»

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը գտնում է, որ Wikileaks կայքն իր գործունեությունը համակարգել է Ռուսաստանի կառավարության հետ՝ ընտրություններին խանգարելու նպատակով: Այդ մասին նա ասել է ABC-ին տված հարցազրույցում։
«Ցավոք, Wikileaks-ը ներկայում ռուսական հետախուզության մասնաճյուղն է, որը գործնականում լիովին ենթարկվում է նրան»,-նշել է Քլինթոնը:
Քաղաքական գործիչը վստահ է, որ Wikileaks-ն աշխատում էր համաձայնեցված «գործողության» շրջանակներում, որի նախաձեռնողը Վլադիմիր Պուտինն էր: Քլինթոնի կարծիքով, ՌԴ նախագահը քեն է պահել իր նկատմամբ այն ժամանակներից, երբ ինքն զբաղեցնում էր պետքարտուղարի պաշտոնը եւ դիմակայում էր նրա «անձնիշխանությանը»:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածուի խոսքով՝ Wikileaks-ի հրապարակումների պատճառով ինքը կորցրել է շուրջ 77 հազար ընտրողների: Քլինթոնը վստահ է, որ կայքը չէր կարող ինքնուրույն նման արդյունքի հասնել առանց դրսի հմուտ աջակցության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: