ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են սկսել Կորեական թերակղզու մոտ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբը Կորեայի Հանրապետության ռազմանավերի հետ համատեղ հոկտեմբերի 16-ին ընդգրկուն վարժանքներ է սկսել Կորեական թերակղզու ափերի մոտ: Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը, վարժանքները տեղի կունենան Ճապոնական եւ Դեղին ծովերում եւ կավարտվեն հոկտեմբերի 20-ին։
«ԱՄՆ-ի կողմից զորավարժություններին կմասնակցեն նաեւ «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը եւ երկու էսկադրային ականակիր՝ «Ստետեմ»-ը եւ «Մաստին»-ը: Հարավային Կորեան ներկայացված է «Իջիս» հակահրթիռաձին համակարգով հանդերձված «Սեջոն Մեծ» էսկադրային ականակրով, այլ մարտանավերով եւ ծովային ավիացիայով»,-նշվում է մամուլի տեղեկագրում:
Բացի այդ, ինչպես հայտնել են հարավկորեական մի շարք ԶԼՄ-ներ, ամերիկյան հարվածային խմբի մեջ մտնող ատոմային սուզանավում գտնվում է մի ստորաբաժանում, որը մասնագիտանում է այսպես կոչված գլխատող հարվածներում: Այլ կերպ ասած՝ նրանց գլխավոր խնդիրն ԱՄՆ-ին թշնամի երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների ոչնչացումն է:
Հարավկորեացի փորձագետների կարծիքով՝ այս զորավարժությունների անցկացումը կարող է էլ ավելի սրել Կորեական թերակղզու իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: