
Չինաստանը պատրաստակամ է համագործակցության ԵԱՏՄ երկրների հետ

Չինաստանը Եվրասիական տնտեսական միության հետ քննարկում է համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (One belt, one road) ծրագրի շրջանակում: Այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը (Liu Bin):
«Նախորդ երկու տարվա ընթացքում Չինաստանն արդեն կապեր է հաստատել Եվրասիական տնտեսական միության հետ: Ներկայում մենք քննարկում ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարները»,- հայտարարեց Բինը:
Նա ընդգծեց, որ համագործակցության իրականացումը հնարավոր է երկու փուլով: «Նախ անհրաժեշտ է սկզբունքային պայմանավորվածությունների գալ: Այնուհետև արդեն պետք է անցնել հստակ ծրագրերի»,- նշեց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալը:
Նա հավելեց, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՊՀ ցանկացած երկրի հետ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև պատրաստ է բազմակողմ համագործակցության, այդ թվում և ԵԱՏՄ շրջանակում:
Արաքս Կասյան