
Կուրցն ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո կդառնա Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) վաղաժամկետ ընտրություններում պապհանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) տարած վստահ հաղթանակը որոշեց քաղաքական այն ուժին, որը կդառնա ամենախոշոր խորհրդարանական խմբակցությունը: Նրա առաջնորդն այժմ կօժտվի նախարարների կաբինետի ձեւավորման լիազորություններով: Այդ կապակցությամբ հանրապետության ապագա կանցլերի պաշտոնը պատրաստվում է զբաղեցնել ԱԺԿ-ի նախագահ եւ արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը:
Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է ընտրությունների ընթացքին հետեւող շտաբից, ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, որն զբաղվում է ընտրությունների կազմակերպմամբ եւ ղեկավարում է համերկրային ընտրական հանձնաժողովի աշխատանքը, զգալի առավելությամբ առաջին տեղն զբաղեցնում է ԱԺԿ-ն՝ 31,4 տոկոս ձայներով եւ հավակնում է 61 պատգամավորական մանդատի: Երկրորդ տեղում Հայնց Քրիստիան Շտախեի Ավստրիայի ազատության կուսակցությունն է՝ 27,4 տոկոս ձայներով, որոնք համապատասխանում են 53 պատգամավորական մանդատների:
Կանցլեր Քրիստիան Քեռնի Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երրորդ տեղն է զբաղեցնում 26,7 տոկոս ձայներով, այսինք կարող է ստանալ 52 պատգամավորական մանդատ: Ավստրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,6 տոկոս:
2013 թվականին Կուրցը 27 տարեկան հասակում դարձել է ամենաերիտասարդ նախարարը Ավստրիայի պատմության մեջ, իսկ այժմ կդառնա Ավստրիայի ամենաերիտասարդ կանցլերը հանրապետության ողջ հետպատերազմյան պատմության մեջ:
«Ես ստանձնում եմ պատասխանատվությունը: Մենք հետապնդում էինք մեր նպատակը եւ անհնարինը դարձրինք հնարավոր»,- հայտարարել է Կուրցը՝ իր կուսակիցների առջեւ ամփոփելով ընտրությունների արդյունքները: Նա հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է իրեն Ազգային խորհրդի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Ես ուրախ եմ, որ Գերմանիայի կանցլերը զանգահարեց ինձ եւ շնորհավորեց ընտրություններում ունեցած հաջողության առթիվ»,- ասել է նա: