Բաժիններ՝

Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը «Նարեկացի» արվեստի միությունում

«Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալել է «System of a Down» հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանին և CNN հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այցելության նպատակը «Նարեկացի» նվագախմբին ծանոթանալը, լսելն ու նկարահանելն է:

Երիտասարդ երաժիշտներն Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին, որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին, ներկայացրել էին վերջիններիս «Aerials» երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և շնորհիվ դրա՝ ռոք երաժիշտը, այցելելով Հայաստան դեռևս 2017 թվականի մարտ ամսին, չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր՝ լսելու նրանց:

Թանկյանը կրկին Նարեկացի արվեստի միության կենտրոնում է CNN-ի նկարահանող խմբի հետ, ով հետաքրքրված է հայկական անաղարտ երաժշտությամբ և «Նարեկացի» նվագախմբի գործունեությամբ:

Մթնոլորտն աշխատանքային էր, չափազանց ջերմ ու փոխադարձ ոգևորությամբ լի:

«Մենք հետևում ենք ձեզ, մենք հպարտ ենք ձեզնով: Դուք շատ լավ եք նվագում: Շնորհակալություն»,- նվագախմբին ասաց Սերժ Թանկյանը:

Իր զգացողություններն ու շնորհակալական խոսքն արտահայտեց նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը՝ ասելով.

«Շնորհիվ Սերժ Թանկյանի՝ CNN հեռուստաընկերությունը Հայաստանի ազգային մշակույթի մասին պատմող իր վավերագրական ֆիլմում ընդգրկեց նաև «Նարեկացի» նվագախմբի անդամների հնչեցրած մաքրամաքուր հայկական կատարումները: Խորին շնորհակալություն նրան «Նարեկացի» արվեստի միության և «Նարեկացի» նվագախմբի անունից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս