Բաժիններ՝

«Ատլետիկո»-«Բարսելոնա». կկարողանա՞ Վալվերդեն հաղթել Սիմեոնեին

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն «Ատլետիկոն» և «Բարսելոնան»՝ Լա լիգայի ամենասկզբունքային զույգերից մեկը: Կկարողանա՞ն արդյոք մարաքաղաք ներկայացնող թիմի ֆուտբոլիստները կանգնեցնել համառ կատալոնացիներին, ովքեր վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մյուս կողմից, կկարողանա՞ արդյոք Վալվերդեն վերջապես հաղթել Սիմեոնեին, քանի որ իր նախկին թիմերում դա երբեք չէր ստացվում:

«Ատլետիկո»

«Ատլետիկոն» 7 տուրերից հետո կիսում է 3-4 տեղերը: Մադրիդյան ակումբը 6 միավոր է զիջում կատալոնացիներին և հաղթանակի դեպքում կարող է զգալիորեն կրճատել միավորների տարբերությունը:

Դիեգո Սիմեոնեի սաներն այս մրցաշրջանում չեն պարտվել՝ կորցնելով միավորներ միայն ոչ-ոքիների միջոցով:

Կարդացեք նաև

Այս խաղում չի խաղա Գիլյերմո Սիկեյրան և, իհարկե, մինչև հունվար խաղ անցկացնելու իրավունք չունեցող Դիեգո Կոստան: Հարցականի տակ է Լյուկա Էրնանդեսի և Շիմե Վրսալկոյի մասնակցությունը: Եթե վերջիններս բաց թողնեն հանդիպումը, ապա Դիեգո Սիմեոնեն կունենա լուրջ խնդիրներ պաշտպանական գոտում:

«Բարսելոնա»

Ինչպես արդեն նշեցինք, կատալոնական ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ առանց պարտությունների: 7 խաղ և 7 հաղթանակ, 23 խփած և ընդամենը 2 բաց թողած գոլ:

Այս մրցաշրջանում ավելի ընդգծված է Մեսսիի դերն ակումբում: Վերջինս ցուցադրեց իր ոչ երկրային կարողությունները ԱԱ 2018-ի ընտրական փուլի վերջին խաղում: Լա լիգայում Մեսսին արդեն աչքի է ընկել 11 դիպուկ հարվածով:

Խաղին հստակորեն չեն մասնակցի Դեմբելեն և Ռաֆինյա Ալկանտարան: Հարցականի տակ է Ինիեստայի մասնակցությունը:

Ըստ կանխատեսումների՝ կատալոնական ակումբը կվաստակի իր հերթական 3 միավորը: Մասնագետները նշում են, որ կապտանռնագույնները կհաղթեն, բայց ոչ հեշտությամբ և գոլերի նվազագույն տարբերությամբ:

Խաղը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս