Բաժիններ՝

PicsArt, BetConstruct և Ucom ընկերությունները Հայաստանում պատրաստում են մեքենայական ուսուցման մասնագետներ

PicsArt ընկերությունը, BetConstruct և Ucom ընկերությունների հետ համատեղ, նախաձեռնել էր Հայաստանում առաջին երկարաժամկետ մեքենայական ուսուցման ծրագիրը։ Վեց ամիս տևողությամբ դասընթացների նպատակն էր՝ Հայաստանում պատրաստել մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության մասնագետներ։ Դասընթացներն անցկացվել են Armenian Code Academy-ի (ACA) հայ և հատուկ արտերկրից հրավիրված մասնագետների կողմից: Մեքենայական ուսուցման դասընթացի շրջանավարտներն աշխատանքի են անցել PicsArt, BetConstruct և Ucom ընկերություններում:

«Մեքենայական ուսուցումն ու արհեստական ինտելեկտը (ԱԻ) ՏՏ ոլորտի կարևոր ուղղություններից մեկն է, որն ամբողջ աշխարհում զարգացման նոր թափ է առնում։ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, այդ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա, սակայն մասնագիտացման համար առկա հնարավորությունները Հայաստանում դեռևս սահմանափակ են։ Արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը լայն կիրառում են ստացել տնտեսության տարբեր ոլորտներում՝ արդյունաբերական, ֆինանսական, առողջապահական, կրթական և այլն։  Ուստի, այս ոլորտի մասնագետների պահանջարկը գնալով աճում է, իսկ ընկերությունները, որոնք կիրառում են այս տեխնոլոգիաները, մրցունակ են նաև միջազգային շուկայում»,- նշում են PicsArt-ում:

Հոկտեմբերի  12-ին PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել մեքենայական ուսուցման 28 մասնագետների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը: Հավաստագրերը մեքենայական ուսուցման շրջանավարտներին հանձնել են PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը, BetConstruct ընկերության ինժեներական հարցերով փոխնախագահ Ռաֆայել Մկրտչյանը և Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Կարդացեք նաև

Աշխարհահռչակ PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցն ակտիվորեն կիրառում է մեքենայական ուսուցման և ԱԻ-ի տեխոնոլոգիաները, օրինակ՝ ֆիլտրերի կիրառման, պատկերների վերլուծման, օգտատերերի նախընտրությունները հասկանալու և համապատասխան բովանդակություն տրամադրելու նպատակով:

PicsArt-ից նշում են, որ իրենք և իրենց գործընկերները կարևորում են Հայաստանում այս ոլորտի զարգացումը և կրթական այս նախաձեռնությամբ նպաստում են Հայաստանում արհեստական ինտելեկտի ոլորտի զարգացմանը: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ մեքենայական ուսուցման մասնագետների առկայությունը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես՝ ընկերությունների և տնտեսության զարգացման, այնպես էլ՝ Հայաստանի ՏՏ ոլորտի ապագայի համար։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս