Դիլիջան ազգային պարկում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով․
«Ներկա պահին ընթանում են ակտիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ միջադեպի հանգամանքները և հենակետի առերևույթ հրկիզման հնարավոր մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ»։
Ավելի վաղ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին դեպքի վերաբերյալ հետևյալն էին հայտնել․
«Հաղորդում է ստացվել, որ ժամը 20։50-ի սահմաններում մի խումբ անհայտ անձինք մոտեցել են «Դիլիջան» ազգային պարկ Շամախյան տեղամաս-մասնաճյուղի տարածքում տեղակայված պահնորդ անշարժ հենակետին, վիճաբանել են ծառայություն իրականացնողների հետ, այդ ընթացքում անհայտ անձը հրկիզել է անշարժ հենակետի վագոն-տնակը»։ Ոստիկանությունից նաև նշել էին հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։