Անհայտ անձինք այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը, վիճաբանել ծառայություն իրականցնողների հետ
Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին դեպքի վերաբերյալ հետևյալը հայտնեցին․ «Հաղորդում է ստացվել, որ ժամը 20։50-ի սահմաններում մի խումբ անհայտ անձինք մոտեցել են «Դիլիջան» ազգային պարկ Շամախյան տեղամաս-մասնաճյուղի տարածքում տեղակայված պահնորդ անշարժ հենակետին, վիճաբանել են ծառայություն իրականացնողների հետ, այդ ընթացքում անհայտ անձը հրկիզել է անշարժ հենակետի վագոն-տնակը»։
Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
Aysor.am-ի հետ զրույցում «Դիլիջան» ազգային պարկում պահնորդային ծառայություն իրականացնող «Պանտեռա» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանն ասել էր, որ երեկոյան 8 անց 40-ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից։ «Ամենավայրագ ձևերով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը։ Նույն այդ պահին բնապահպանության նախարարի հետ Իջևանից վերադառնում էինք Երևան։ Լուրն անմիջապես զեկուցեցի նախարարին և դեպքից մի քանի րոպե անց արդեն տեղում էինք», – նշել է Դարբինյանը
ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել դեպքի վայրից։