«Գարնանը կարտոֆիլի գինը կլինի 300-400 դրամ, իսկ հիմա այն 130 դրամով արտահանվում է Վրաստան»․ Հրաչ Բերբերյան
«Վերջերս լրատվականներից մեկը հայտարարեց, թե կարտոֆիլը մնացել է դաշտերում և 50 դրամով չի վաճառվում։ Խեղկատակությունը չափ ու սահման ունի։ Ես ստույգ ինֆորմացիա եմ տալիս, որ հենց այսօրվա տվյալներով՝ 130 դրամով հայկական կարտոֆիլն արտահանվում է Վրաստան։ Մեզ էլ չի բավարարելու գարնանը, որովհետև երաշտը մոտ 20 տոկոսով ազդել է նաև կարտոֆիլի բերքի վրա։ Եթե գյուղացին 4-5 ջուր պետք է աներ, 11 ջուր է արել Շիրակի գոտում, որ բերքը փրկի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Բերբերյանը հայտարարեց՝ գարնանը կարտոֆիլի գինը կլինի 300-400 դրամ․ «Ինչ ասել եմ՝ եղել է, չէ՞։ Իսկ երբ վարչապետի հետ քննարկեցինք, որ կարտոֆիլի սերմացուն հարկավոր է շատացնել, Գյուղնախարարությունը գնաց գարու սերմ բերեց, որն այսօր պահեստներում կուտակվել է, ու չգիտեն՝ ինչ անեն։ Գարին իրենց հոգեհարազատ կուլտուրա է։ Պետք է տնկանյութի քանակը վերականգնել, սորտաթարմացում, սերմաթարմացում անել, բարձր վերարտադրության սերմեր ունենալ։ Կարտոֆիլի ֆաբուլա տեսակը քիչ ոռոգում է պահանջում և կայուն բերք է տալիս, այդ սորտը մենք Հայաստանում տեղայնացրել ենք, և 3-4 ջրով կայուն բերք է տալիս»։
Ագրարագյուղացիական միավորման նախագահը վերջին տարիներին հետաքրքիր տենդենց է նկատում․ «Հակակարկտային ծառայությունն աշխատում է գյուղացու համար, գյուղացին այդ ծառայությունը չի տեսնում, վարկեր են հատկացնում գյուղացու համար, ստանում են գործարարները, գյուղացին այդ վարկը չի տեսնում, գյուղացու համար անասնաբուժական ծառայություններ են անում, գյուղացին դա չի տեսնում։ Կարծես թե պետությունն ամեն ինչ անում է գյուղացու համար, բայց գյուղացին այդ ծրագրերից փաստացի հեռու է։ Կոոպերատիվեր ստեղծեցինք, տրակտորներ տվեցինք, բայց այդ տրակտորները գյուղապետերի բակերում կանգնած են։
Գյուղացու անվան տակ շատ ծրագրեր են արվում, որը գյուղմթերք արտադրողը չի տեսնում։ Ժամանակն է եկել՝ այդ ծրագրերը հասցնել գյուղմթերք արտադրողներին, որ այս վիճակից դուրս գանք։ Համաշխարհային բանկը 0.75%-ով վարկ է տալիս, գյուղացին դա չի տեսնում։ Գյուղացու համար խաղողի գումար ենք հատկացնում, բայց ստանում է գործարանը»։