Բաժիններ՝

«Ասում են՝ «վայ, միսը թանկացավ, ի՞նչ ենք անելու». ոչ մի բան էլ չենք անելու». Գյուղատնտեսության նախարար

«Ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում է, շուկա է, շուկան է ամեն ինչ կարգավորում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում նկատվող թանկացումներին՝ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նա ասաց, որ իրենք նպատակահարմար չեն գտնում գյուղատնտեսությունը գնահատել ամեն ամիս, որովհետև տարեցտարի՝ կախված սեզոնայնությունից, բնակլիմայական պայմաններից, գյուղատնտեսությունը շեղվում է նախորդ տարվա համեմատ, իսկ ամիսը ամսվա հետ համեմատելը, ըստ նախարարի, կարող է բերել թերի եզրակցությունների:

Ի. Առաքելյանի խոսքով՝ գյուղատնտեսությունը մի համակարգ է, որտեղ կա և՛ բուսաբուծություն, և՛ անասնապահություն, և՛ արտահանում, և՛ մթերում, և՛ վերամշակում. «Այսօր որևէ մի ճյուղի կտրուկ անկումը և բարձրացումը մեկնաբանել և ասել, թե ոնց է անդրադառնում գյուղատնտեսության վրա, շատ վաղ է: Դեմ եմ նրան, որ այսօր այս մսի թանկացման մասով ստեղծում են պանիկա և ասում՝ «վայ, միսը թանկացավ, ի՞նչ ենք անելու». ոչ մի բան էլ չենք անելու: Ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում է, շուկա է, շուկան է ամեն ինչ կարգավորում»:

Նախարարը գտնում է՝ թանկացումը կբերի ներդրումների ավելացմանը, և, ի վերջո, կկարգավորի, շուկան իր տեղը կդնի. «Մեկ ամսվա համար հայտարարել, որ Գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի անում և չի տիրապետում ինֆորմացիային, այդպես չէ, դա սուտ է: Մենք ամեն ինչին տիրապետում ենք, վերլուծում ենք, ուղղակի ամեն ինչին չէ, որ ուզում ենք արձագանքել, մանավանդ, երբ դա հիմնավորված չէ»:

Հարցին՝ բայց ինչո՞ւ թանկացավ միսը, Ի. Առաքելյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ ասում՝ թանկացում չկա, թանկացում կա: Ես խոսել եմ գյուղացիների հետ, գյուղացիներն այսօր կովի, ոչխարի գինը չեն թանկացրել, չնայած կա կերի գնի թանկացում: Չեն թանկացրել, որովհետև այսօր իրենք իրացման խնդիր ունեն: Այս թանկացումն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ խոզի գինը միջազգային շուկայում թանկացել է, դա բերել է խոզի մսի թանկացման, ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է, դա բերել է ոչխարի մսի թանկացման, տավարի մսի թանկացումն այդքան չի եղել, ընդամենը՝ 100-150 դրամ, դա թանկացում չէ, այլ շուկայի կարգավորում է:

Այո, խոտի գինը թանկացել է, բայց մեր անասնապահները գիտեն՝ որտեղ հունձ անեն, որտեղ ավելցուկ խոտ կա, որը նախկինում իրենք չեն հնձել և չեն կուտակել և իրենք բոլորն ապահովել են իրենց կերով: Խոտի գնի թանկացումը եղավ երաշտային կամ չորային տարվա արդյունքում: Իրոք, տարին բարենպաստ չէր դաշտավարության համար, և՛ հացահատիկի քանակի նվազեցում ունենք, և՛ հատիկաընդեղենի, և՛ կերային մշակաբույսերի: Այո, նվազեցում կա, բայց անասապահությամբ զբաղվողներն ապահովված են կերով: Եթե խնդիրը հասնի նրան, որ կերի պակաասություն լինի, և մենք դա զգանք, մենք պատրաստ ենք հարցը լուծել՝ ներմուծելով, բայց նման խնդիր հիմա չկա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս