«Ալիևին ինչ-որ մի կողմ, մարդ կամ մարդիկ հույս են տվել, որ այս հանդիպման ժամանակ կարելի է զիջում կորզել». Արա Պապյան

«Այո, Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու հնարավորություն կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ երբ Հայաստանը ցանկություն հայտնեց անդամակցել ԵԱՏՄ-ին, ինքն ասել է՝ «մի դարձրեք Ղարաբաղի հարցը մանրադրամ՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ միակ բանը, որով կարելի է Ադրբեջանին շահագրգռել և բերել ԵԱՏՄ, Ղարաբաղի հարցն է:

«Սա շատ վատ զարգացում է մեզ համար, սա նշանակում է, որ Հայաստանի վրա այդ առումով ճնշումները կշատանան»,- նշեց բանախոսը: Ա. Պապյանն առաջիկայում սպասվող Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից ոչինչ չի սպասում. «Ադրբեջանի դիրքը եղել է կոշտ և ավելի է կոշտացել: Հարցն այն է, թե մենք ինչքանո՞վ կկարողանանք դրան դիմակայել, իսկ ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դիմակայենք ու չզիջենք»:

Ըստ բանախոսի՝ զիջելով՝ մենք ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու. «Մի փոքր հույս կա Արևմուտքի աշխուժացումով Ղարաբաղի հարցում, որ իրենք, կարծես, համաձայն չեն, որ ռուսները միահեծան լուծեն այս ամբողջ խնդիրը: Այդ հակասությունների վրա մենք գուցե կարողանանք խաղալ և վիճակը պահենք»:

Կարդացեք նաև

Օրերս Իլհամ Ալիևը, անդրադառնալով նախագահների հնարավոր հանդիպմանը, ասել էր, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը:

Խոսելով Ադրբեջանի նախագահի այս հայտարարության մասին՝ Ա. Պապյանն ասաց, որ, եթե ինչ-որ բան փոխվեր, Ալիևը կամ նրա շրջապատից ինչ-որ մեկը կխոսեր այդ մասին. «Ես կարծում եմ, որ Ալիևը հույս ունի, և իրեն ինչ-որ մի կողմ, մարդ կամ մարդիկ հույս են տվել, որ այս հանդիպման ժամանակ կարելի է զիջում կորզել»: Ըստ նրա՝ Ալիևի այդ հայտարարությունը նշանակում է, որ ինքն իրեն ավելի վստահ է զգում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս