Դոնի Ռոստովում հրդեհը 6 հազար քառ. մետր տարածք է ոչնչացրել քաղաքի խոշորագույն շուկայում
Անցած մեկ օրում երկրորդ խոշոր հրդեհն է տեղի ունեցել Ռուսաստանի առեւտրական օբյեկտներում: Ցերեկն այրվում էր Մոսկվայի «Սինդիկա» շինարարական առեւտրի կենտրոնը, իսկ ուշ երեկոյան Դոնի Ռոստովի «Վոստոչնի» խոշորագույն մեծածախ ապրանքային շուկան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հրդեհն ընդգրկել է շուկայի 6 հազար քառ. մետր տարածք: Նախնական տվյալներով զոհեր ու տուժածներ չկան: Դոնի Ռոստովի շուկայում հրդեհի մասին հաղորդումն ստացվել էր կիրակի ժամը մոտ 21:08-ին:
Այրվում էր մոտավորապես 600 քառակուսի մետր մակերեսով առեւտրական տաղավարը, այնուհետեւ հրդեհը տարածվել է մյուս տաղավարների վրա: Հրդեհաշիջմանը մասնակցում է շուրջ 400 մարդ եւ 50 միավոր տեխնիկա: Ներկայում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները: Շուկայի տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված: Բռնկման պատճառը կպարզեն փորձագետները, ԱԻՆ-ում առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: