Ինչ է ակնարկում ամերիկացի նորանշանակ համանախագահը

«ԱՄՆ-ը նույնիսկ Թրամփի օրոք չի հեռանա Հարավային Կովկասից, առավել ևս՝ հակամարտություններից»,– 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով շրջանառության մեջ հայտնված վերջին տեղեկություններին:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նամակ էր ուղարկել ԱՄՆ սենատոր Բոբ Կորքերին, որով նախատեսվում էին էական կրճատումներ Պետդեպարտամենտում: Թիլերսոնը մի քանի էջանոց նամակով առաջարկում էր կրճատել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչների թիվն էականորեն:

ԱՄՆ պետքարտուղարն առաջարկում է կրճատել առնվազն 30 հատուկ բանագնացի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին: Առաջարկվում է նրա պարտականությունները փոխանցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին: Նշվում է, որ պետքարտուղարի տեղակալի օգնականն ամբողջությամբ կստանձնի համանախագահի լիազորությունները, կպահպանվի նաև անձնակազմը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արդեն իսկ պարզաբանել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ համանախագահը կիրականացնի իր պարտավորությունները, ինչպես նախկինում, այնուամենայնիվ այս տեղեկությունը փորձագիտական հանրությունն ընկալեց՝ որպես բանակցային գործընթացը Մոսկվային զիջելու քայլ, որի տրամաբանական շարունակությունը եղավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությունը, որում բացակայում էին հիշատակումը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, որոնք, ըստ էության, Վաշինգտոնի նախաձեռնած գործընթացներն էին:

Սակայն օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը աջակցում է Արցախում «հնարավորինս արագ և հանգամանալից» ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, տեղեկացնելով, որ պետքարտուղար Թիլերսոնը հաստատել է Պետդեպի աջակցությունն առաջարկով, որը ներկայացրել էին Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ Էնգելը։ Օրենսդիրները կոչ էին արել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ընդլայնել սահմանին մշտադիտարկումը և կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայել։ Թիլերսոնն աջակցություն է հայտնել կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Չիչիլլինի հարցումներին, և նրա գրավոր պատասխանը հրապարակվել է այս շաբաթ։

«Պետդեպը պաշտպանում է դիպուկահարներին հետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ գործարկելու և շփման գծին ու հայ-ադրբեջանական սահմանին հաղորդիչներ տեղակայելու առաջարկները։ ԱՄՆ-ը Մինսկի խմբի գործընթացի մասնակից է, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որը մեր կարծիքով՝ կկրճատի բռնության թիվը հակամարտության գոտում»,- ասել է Թիլերսոնը։ Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի սկզբին նախատեսվող ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջանային այցն իր ֆրանսիացի ու ռուսաստանցի գործընկերներից շուտ է սկսել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը, ով այցը սկսել է Ստեփանակերտում բարձրաստիճան հանդիպումներից:

Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքագետը նշեց, որ միամտություն կլիներ կարծել, թե ամերիկյան արտաքին քաղաքականությունը և ամերիկյան ներկայությունն աշխարհում կախված է միայն ԱՄՆ նախագահից:

Ըստ նրա, կրճատումները, որոնց վերաբերյալ Ռեքս Թիլերսոնն առաջարկով դիմել է Կորքերին, ոչ այնքան բովանդակային ազդեցություն են ունենալու և փոխելու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, որքան ավելի ձեռնտու են լինելու ԱՄՆ Պետդեպարտամենտի համար: Գերմանացի քաղաքագետի կարծիքով, ԱՄՆ նոր ադմինիստրացիան ցանկանում է միջոցներ խնայել՝ իր օտարերկրյա առաքելությունների բանագնացների թիվը կրճատելով:

Հալբախի խոսքով՝ ճիշտ է, ամերիկյան արտաքին քաղաքականության շեշտադրումները Թրամփի ադմինիստրացիայի հաստատմամբ փոխվել են, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ուղղություններով ամերիկյան քաղաքականությունը գրեթե նույնն է:

«Ուստի չպետք է զարմանանք, որ, ի պատասխան կոնգրեսականների հարցման, Թիլերսոնն աջակցություն է հայտնել հետաքննական մեխանիզմների ներդրմանը: Այո, կար տպավորություն, որ ԱՄՆ-ը հրաժարվել է անցյալ տարի Վիեննայում կայացած բարձրաստիճան հանդիպման ընթացքում կայացված որոշումներից, բայց Թիլերսոնը հասկացրեց, որ առաջարկներն օրակարգում են, և ամերիկյան կողմն այդ ուղղությամբ կողմերից քայլեր է ակնկալում»,- ասաց Հալբախը:

Անդրադառնալով Շոֆերի՝ տարածաշրջան ավելի շուտ ժամանելու քայլին, Հալբախն ասաց, որ դա մի քանի կերպ կարելի է մեկնաբանել: Նրա խոսքով, ամենաիրատեսական վարկածն այն է, որ նորանշանակ համանախագահը փորձում է իր առաջին այցը տարածաշրջան երկարաձգել, որպեսզի շատ ավելի մոտիկից ծանոթանա հակամարտությանը, կողմերում տիրող տրամադրություններին, ներկայիս դիրքորոշումներին: Ըստ նրա, կարող է լինել նաև ոչ այնքան լուրջ վարկած, Շոֆերը գուցե շուտ է ժամանել չվերթերի անհամապատասխանության պատճառով: Հալբախի խոսքով, գուցե լինեն ոմանք, ովքեր Շոֆերի այս քայլում ամերիկյան ակտիվության մեկնարկ տեսնեն:

«Ես այդ փորձագետների թվին չեմ դասվում: Ես չեմ կարծում, որ այս համանախագահի փոփոխությամբ ամերիկյան ակտիվությունը Ղարաբաղյան ճակատում կփոխվի: Այստեղ հետաքրքրականն այն է, որ համանախագահն այցը սկսել է Ստեփանակերտից, դա ևս մի քանի կերպ կարելի է մեկնաբանել. Գուցե այցի մեկնարկը Ստեփանակերտից մեսիջ է այն մասին, որ ամերիկյան կողմը կարևորում է Ստեփանակերտը՝ որպես առանձին սուբյեկտ, գուցե տարածաշրջանային այցը պետք է սկսվեր Ստեփանակերտից: Ամերիկյան դիվանագետները նաև աշխատանքային այնպիսի ոճ ունեն, որ թվում է, թե նոր գործընթաց է սկսվել, այնինչ համանախագահը ծանոթանում է իր գործին, հակամարտության գոտուն, որը որպես փորձագետ՝ բարձր եմ գնահատում, դա փաստում է, որ դիվանագետն իր գործին վերաբերվում է ամենայն պատասխանատվությամբ:

Հիշում ենք, որ նախորդ համանախագահ Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան այց կատարելիս ասուլիսով հանդես էր գալիս միայնակ, սակայն այդ փուլում համանախագահները գործում էին միասին, սա ամերիկյան ոճն է պարզապես»,- ասաց Հալբախը: Նրա համոզմամբ, համանախագահների տարածաշրջանային այցը ցույց կտա, թե ինչպես են աշխատում համանախագահները:

Տեսանյութեր

Լրահոս