«Ոչ մի վրացի ոչ մի հայի չի ծեծել, ու դաժան ծեծ տեղի չի ունեցել»․ ի՞նչ է իրականում կատարվել Գումբուրդոյում

Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այսօր Մեդիա-կենտրոնում կազմակերպված «Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ընթացքում ներկայացրեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել Գումբուրդոյում։

«Չնայած, որ խաչքարի տեղափոխումը դարձավ բախումների նախնական պատճառը, այդ պահին արդեն, երբ կանայք փորձել են եկեղեցի մտնել, ոստիկանների հետ ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, ինչ-որ արտահայտություններ են արվել, և այդ իրավիճակը բերեց նրան, որ արդեն բախումներն սկսեցին։ Եթե խոսում ենք ընդհանրապես այդ երևույթի մասին, մենք ունենք բավականին շատ մշակութային կոթողներ Վրաստանում՝ հայկական և քաղկեդոնական։

Կոնկրետ Գումբուրդոյի եկեղեցին 10-րդ դարի եկեղեցի է, որը մոտավորապես 15-րդ դարից հայերն սկսում են օգտագործել։ Ի սկզբանե, այն քաղկեդոնական եկեղեցի էր, և այսօրվա դրությամբ նույնիսկ մեր վիրահայոց թեմը չի թաքցնում, որ այդ եկեղեցու հետ կապված հավակնություն չունենք։ Եկեղեցին այսօրվա դրությամբ պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն, դրա պատճառով ոստիկանությունը հսկում էր այդ տարածքը։ Դա պետք է հասկանանք»։

Ինչ վերաբերում է գերեզմանին և ոսկորների տեղափոխմանը, ապա վրացագետը նշեց, որ գործընթացն սկսվել էր դեռևս նախորդ տարվանից․

«Մեր վիրահայոց թեմն ակտիվ մասնակցում է այդ գործընթացին, և պայմանավորվածություն է եղել, որ հոկտեմբերի վերջին վերադառնան այդ հարցին, միասին քննարկեն վրաց հոգևորականների հետ, քանի որ իրավիճակը հետևյալն է՝ պետական կառույցները դեմ չեն, բայց դրանք չեն կարող ինչ-որ մեկին ստիպել։ Եվ քանի որ սեփականությունը վրաց եկեղեցունն է, իրենք առաջարկել են հոգևոր կառույցներով այդ հարցը լուծել»։

Ջոնի Մելիքյանը նկատում է՝ գյուղացիները բախումներից առաջ նամակով դիմել էին երկու երկրների հոգևոր առաջնորդներին, դրա համար, նրա խոսքով՝ երբ Վրաստանի մշակույթի նախարարն այստեղ էր, մեր կաթողիկոսն այդ հարցով դիմել է նրան․

«Այսօրվա դրությամբ պետք է հասկանալ, որ եթե կա այսպիսի պայմանավորվածություն, ինչի համար եք քարը տեղափոխում եկեղեցու տարածք, եթե գիտեք, որ այնտեղ ի սկզբանե ոստիկանությունը կանգնած է։ Հայտարարության մեջ վրացական կողմն ասել էր, որ որտեղ պեղումներ են տեղի ունենում, իրենք հսկում են տարածքը։ Ինչո՞ւ էր պետք այս ամենն անել, փաստը այն է, որ սադրանք ինչ-որ չափով տեղի է ունեցել»։

Վրաստանի Jnews.ge կայքի լրագրող (քննարկմանը մասնակցում էր տեսազանգի միջոցով) Աղունիկ Այվազյանը, ով իրադարձությունները լուսաբանում էր հենց դեպքի վայրից, նշեց, որ ոչ մի վրացի ոչ մի հայի չի ծեծել, ու դաժան ծեծ տեղի չի ունեցել․

«Կադրերն էլ, ուղիղ եթերներն էլ կան, կարող եք նայել։ Մի պահ է դա տեղի ունեցել, որտեղ հարվածողները եղել են հայ, ծեծվողները եղել են հայ։ Հիմնականում առաջնագծում եղել են հայ ոստիկանները՝ մեր Ախալքալաքի ոստիկանները։ Շատ սխալ է, երբ հայաստանյան լրատվամիջոցները դա որակեցին՝ որպես ազգամիջյան բախումներ։ Վրացական լրատվամիջոցներն էլ սկսեցին եկեղեցու պատկանելության հարցը բարձրացնել, այնինչ իրականում պետք է խոսել խաչքարի տեղադրման կամ չտեղադրման մասին»։

Հիշեցնենք՝ որ սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչները փորձել են խաչքար տեղադրել եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփվել են 10-րդ դարի եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները, սակայն նախ ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության ներկայացուցիչները չեն թույլատրել բնակիչներին տարածք մուտք գործել, այնուհետև բնակիչների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս