Հոկտեմբերի կեսից սկսվելու է գրիպի սեզոնը. ի՞նչ անել՝ հիվանդությունից խուսափելու համար. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գրիպի հերթական սեզոնը մոտենում է: Արդեն ընթացիկ հոկտեմբերի կեսին այն կհամարվի բացված:
ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ նախապատրաստվում են դրան՝ բաշխելով եւ պլանավորելով անելիքները: Առաջիկայում նաեւ հրավիրվելու է աշխատաժողով՝ բուժաշխատողների մասնակցությամբ, որպեսզի գրիպի սեզոնին ընդառաջ տրվեն անհրաժեշտ ցուցումները:
ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը armtimes.com-ին ասաց, որ հանրապետությունում դեռեւս չկա գրիպի հարուցիչ եւ առայժմ գործ ունենք այլ շնչառական վարակների հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախնական որոշակի կանխատեսում արդեն ունի, թե գրիպի ինչ հարուցիչներ կարող են շրջանառվել եւ իրազեկել է երկրներին: Լիլիթ Ավետիսյանը դրա վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ վերջնական եզրակացություն ԱՀԿ-ն դեռ չի հրապարակել:
Նախարարության մասնագետը նաեւ ներկայացրեց ավանդական խորհուրդները, թե հանրությունն ինչ կերպ կարող է խուսափել սուր շնչառական վարակներից, այդ թվում՝ գրիպով հիվանդանալուց: Նա ընդգծեց, որ այդ վարակների տարածման հարցում շատ մեծ է մարդու դերը:
Կարեւոր է, որ վարակված մարդը մեկուսանա եւ խուսափի հասարակական վայրերում գտնվելուց: «Այսինքն՝ մարդը պետք է հասկանա, որ ինքը կարող է լինել վարակի աղբյուր եւ դուրս չգա»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը: Բացի այդ, սուր շնչառական վարակներով հիվանդ անձանց հարկավոր չէ խնամել ամբողջ ընտանիքով: Այդ գործը պետք է ստանձնի հարազատներից մեկը, ընդ որում՝ հիվանդի մոտ գնալիս անպայման դիմակ կրի:
«Մենք նաեւ հորդորում ենք դիմակը ճիշտ կրել: Վերջերս փողոցում երկու հոգու տեսա, որոնք դիմակով էին: Իհարկե, եթե դա չի առնչվում մեկ այլ հիվանդության, ապա սուր շնչառական վարակների դեպքում բաց օդում լինելիս պետք չէ դիմակ կրել: Դրա անհրաժեշտությունը առաջանում է, եթե հիվանդի հետ սերտ շփման մեջ եք՝ նույն փակ սենյակում եք, իրար կողքի եք նստած»,- նկատեց մեր զրուցակիցը:
Մասնագետը խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի, եթե առկա են սուր շնչառական հիվանդությունների նշաններ եւ չզբաղվել ինքնաբուժմամբ. «Թե չէ շատերն առաջին օրից, եթե մի քիչ հազում են, հակաբիոտիկ են խմում: Հետո, հերիք չէ, հակաբիոտիկը վիրուսի վրա չի ազդում, դեռ մի բան էլ հակամանրէային կայունության է նպաստում, եւ արդեն ի հայտ են գալիս խնդիրներ: Բարդանում է վիճակը, կարող է թոքաբորբ առաջանալ կամ մեկ այլ խնդիր: Որպեսզի նման բան տեղի չունենա, անպայման հորդորում ենք դիմել մասնագետի եւ նրա խորհուրդներով բուժում ստանալ»:
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրենը հիշեցրեց, որ բարդացած հիվանդության դեպքում հիվանդին օգնելը դառնում է դժվար:
Լիլիթ Ավետիսյանի տեղեկացմամբ, սուր շնչառական վարակով հիվանդների համար բժշկին դիմելու ճիշտ օր հասկացություն գոյություն չունի: Կա հայտնի ասացվածք՝ գրիպը բուժելու դեպքում այն անցնում է 1 շաբաթում, չբուժելու դեպքում՝ յոթ օրում: Գուցե դա նաեւ նշանակում է, որ հիվանդությունից 7 օր ա՞նց է պետք անհանգստանալ:
«Դա օրից չի կախված: Հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընթանում: Մեկի իմունիտետն ավելի բարձր է, ուժեղ օրգանիզմ ունի, մյուսի մոտ՝ թույլ է: Անգամ եթե հիվանդության ընթացքը թեթեւ է, պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- պատասխանեց նախարարության մասնագետը:
«Հնարավոր է մարդը չգիտի, որ ունի խրոնիկ հիվանդություն, ինչը կարող է սրանալ եւ վատանցնել հիվանդի վիճակը: Օրինակ՝ դիաբետով, թոքերի, քթի եւ հարակից խոռոչների, սիրտ-անոթային հիվանդություններով անձինք պետք է ավելի լուրջ մոտենան, որովհետեւ երբ դրանց գումարվում է սուր շնչառական հիվանդությունը, նրանք դա ավելի ծանր են տանում»,- մանրամասնեց տիկին Ավետիսյանը:
Այս եւ մնացյալի մասին առողջապահության նախարարությունը տարբեր առիթներով բարձրաձայնել է: Լիլիթ Ավետիսյանն արձանագրում է, որ թեպետ բնակչության տեղեկացվածությունը բավական մեծացել է, բայց այսպես ասած հիվանդ լինելու կուլտուրան չի զարգացել: Մարդիկ ինչպես շարունակում են հիվանդ վիճակում դուրս գալ հանրային վայրեր, այնպես էլ երեխաներին ուղարկում են կրթական հաստատություններ:
«Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս, ծնողի անհոգություն չեմ կարող ասել, որովհետեւ մեր ժողովուրդը շատ ուշադիր է երեխաների նկատմամբ: Գուցե չեն ուզում, որ երեխաները բացակայեն, գուցե մանկապարտեզահասակներին տանը խնամելու հնարավորություն չկա: Հազարումի խնդիր կա: Բայց ծնողներն էլ պիտի գիտակցեն, որ երեխային չի կարելի հիվանդ վիճակում տանել դպրոց կամ մանկապարտեզ՝ առաջին հերթին հանուն երեխայի առողջության, որովհետեւ նա պետք է պառկած վիճակում լինի, պետք է անընդհատ հեղուկներ ընդունի, նրա ձեռքերի հիգիենան պիտի ապահովվի»,- հիշեցրեց մասնագետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: