«Աբու Բաքր ալ Բաղդադիի ուղերձն իր արձագանքը գտնում է իսլամականների շրջանում․ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 հնչեղ ահաբեկչություն եղավ»
ԻԼԻՊ-ը փոխո՞ւմ է մարտավարությունը
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 59-ի, վիրավորվել է 527 մարդ: Այդ մասին հայտնել է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն՝ ընդգծելով, որ թիվը վերջնական չէ։ Կրակը բացել է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքնասպան է եղել: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լաս Վեգասում հնչած կրակոցների պատասխանատվությունը։ ԻԼԻՊ-ի հայտարարության մեջ նշվում է, որ կրակոցներ արձակած տղամարդն ամիսներ առաջ իսլամ է ընդունել:
ԵՊՀ դասախոս, արաբագետ Սարգիս Գրիգորյանի համար կասկածելի է ԻԼԻՊ-ի այս քայլը։ Հիշեցնելով նախորդ դեպքերը՝ արաբագետը նշեց, որ նախ ԻՊ-ն օգտագործել է երիտասարդ մահապարտների, որոնք կարողացել են «արդյունավետ» գործողություններ իրականացնել ահաբեկչական հարձակման ժամանակ, մինչդեռ Լաս Վեգասի ահաբեկիչը 64 տարեկան էր։
«Բացի այս, ըստ տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակում իրականացրած Սթիվեն Պեդոկն ինքնասպանություն է գործել։ Դժվարանում եմ հիշել դեպք, երբ ԻՊ-ի ահաբեկչությունների ժամանակ ողջ մնացած մահապարտներն ահաբեկչությունից հետո իրենց ձեռքերով ոչնչացնեն իրենց։ Իսլամականները սպանվում էին կամ ահաբեկչության ընթացքում, կամ իրավապահ մարմինների կողմից բախումների ժամանակ։ Բայց պետք է ընդունել նաև, որ ԻԼԻՊ-ի պահվածքն օրինաչափությունների չի ենթարկվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արաբագետը։
Գրիգորյանի խոսքով՝ ԱՄՆ-ը բավականին լուրջ անվտանգության միջոցառումներ է իրականացնում, հատկապես՝ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում․
«2001թ. հետո երևի միակ երկիրն է, որ բավականին լուրջ միջոցառումներ է իրականացնում այս ոլորտում։ Բայց ԻԼԻՊ-ի մարտավարական, ռազմավարական նորարարությունները թույլ են տալիս կարծել, որ չափազանց դժվար է դարձել ուժեղ անվտանգային համակարգով առանձնացող երկրներին՝ բացահայտել այդ սպառնալիքը։ Դա շատ վտանգավոր երևույթ է։ Օրինակ՝ շատ հաճախ տեսնում ենք երիտասարդ մահապարտների, որոնք մինչ այդ ոչնչով աչքի չէին ընկել․ հաճախ չէին գնում մզկիթ, չէին աղոթում, այսինքն՝ ապրում էին եվրոպական կամ ամերիկյան կենցաղով, և ոչնչով չէին տարբերվում իրենց հասակակիցներից։ Բայց մի կարճ փուլ է գալիս, որ նրանք այդ երիտասարդից վերածվում են պոտենցիալ ահաբեկչի»։
Հաջորդ թիրախը ո՞րն է լինելու
Արաբագետը դժվարանում է ասել՝ մյուս թիրախը որը կլինի, քանի որ, նրա խոսքով՝ ԻԼԻՊ-ի ոչ բոլոր գործողություններն են ուղղորդվում հենց կենտրոնից․ «Խմբավորման բջիջների վարքագծով էլ է դա պայմանավորված։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 հնչեղ ահաբեկչություն եղավ, որոնցից ամենախոշորը Լաս Վեգասի ահաբեկչությունն էր, բայց չմոռանանք Կանադայի և Մարսելի ահաբեկչությունները։ Նորից ԻԼԻՊ-ի ձեռագիրը կար, և դա եղավ Աբու Բաքր ալ Բաղդադիի ուղերձից հետո, այսինքն՝ որոշակի ակտիվություն նկատվեց խալիֆի ուղերձից հետո, որտեղ նա նշում էր, որ պետք է ջիհադական պայքարը շարունակել արևմտյան երկրներում, ինչը մենք տեսնում ենք»։
Բաղդադիի ուղերձի կարևոր կետերը
Սարգիս Գրիգորյանը նկատեց՝ Բաղդադին իր ուղերձում խոսում էր վերջին շրջանի իրողությունների մասին՝ Իրաքյան Քուրդիստանի, Հյուսիսային Կորեայի գործոնների հետ կապված մեսիջներ էր տալիս․ «Կարծում եմ՝ Բաղդադիի ձայնն էր, և սպասված այս ուղերձն իր արձագանքը գտնում է իսլամականների շրջանում»։
Իսկ ուղերձի կարևոր կետերից մեկը, ըստ նրա՝ այն էր, որ Բաղդադին նշում է՝ իրենք դուրս չեն գալու Սիրիայից և Իրաքից։ ««Հիմնվում ենք և շարունակելու ենք պայքարը»,- ասում է Բաղդադին։ Մյուս ուղերձն այն է, որ տարածքների կորուստը չի նշանակում, որ իրենք ոչնչացվում են, այլ ընդհակառակը՝ փոխում են մարտավարությունը, և էլ ավելի վատ իրողությունների ենք հանդիպելու Մերձավոր Արևելքում։ Մյուսը՝ թիրախում ունենալ արևմտյան երկրները»,- եզրափակեց արաբագետը։