
2017 թվականի սկզբից փախստական է դարձել ավելի քան 2 մլն մարդ. ՄԱԿ

2017 թվականին ավելի քան 2 մլն բնակիչներ են հարկադրված լքել իրենց երկիրը: Այս տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդին՝ հոկտեմբերի 1-ին Ժնեւում ելույթ ունենալով այդ վարչության գործադիր կոմիտեի 68-րդ տարեկան նստաշրջանում։
«2017 թվականին ավելի քան 2 մլն մարդ որպես փախստական լքել է իր երկիրը,-նշել է նա:- Հաճախ նրանք հիվանդ են, վնասվածքներով ու սովահար եւ գտնվում են հեռավոր բնակավայրերում, աղքատությունից ու անբավարար զարգացումից տառապող համայնքներում»:
Գրանդին հիշեցրել է, որ 2016 թվականի վերջի դրությամբ աշխարհում կար 65,6 մլն հարկադիր վերաբնակ, եւ տարվա ընթացքում նրանց թվի աճի միտում է դիտվում: Աշխարհում Փախստականների եւ վերաբնակվածների առավել մեծ թիվը դիտվում է Սիրիայում,-ասել է գերագույն հանձնակատարը:-«Քաղաքացիական անձինք իրենց վրա են ընդունում ռազմական առճակատումների հիմնական հարվածը հանգուցային ռազմավարական բնակավայրերում, ինչպիսիք են Ռաքան եւ Դեյր Զորը»,-ասել է նա, ընդգծելով, որ «առանց քաղաքական լուծման կայունության ուղղությամբ առաջխաղացումը կլինի հատվածական ու սահմանափակ»:
Գրանդին նշել է, որ իրենց երկրներ փախստականների վերադարձը հնարավոր է միայն կամավորության սկզբունքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP