
«Դա պետք չէ բացառել, և այդ հարցը շատ նուրբ խնդիր է»

«Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ հայ-թուրքական արձանագրություններին որոշակի անդրադարձ, իհարկե, պետք է կատարվեր։ Ընդհանրապես, նման հանդիպումների ժամանակ հնարավոր չէ այդ հարցը բոլորովին շրջանցել։ Հասկանալի է, որ ստեղծված քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում առնվազն մոտ ժամանակահատվածում որևէ առաջխաղացում, քաղաքականության որևէ փոփոխություն այս առումով որևէ կողմից պետք չէ սպասել։
Հարցն այն է, որ, իհարկե, կարելի է կանխատեսել, որ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրը կվերադառնա քաղաքական օրակարգ։ Սակայն դա կլինի նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, տարիներ, անգամ տասնամյակներ հետո։ Դա պետք չէ բացառել, և այդ հարցը շատ նուրբ խնդիր է»,- 168.am-ին ասել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ խոսելով Պուտին-Էրդողան հանդիպման մասին։
Ըստ նրա՝ առկա ստատուս-քվոն բոլոր շահագրգիռ կողմերը ցանկանում են պահպանել, ոչ թե փոխել, և միայն ռադիկալ աշխարհաքաղաքական բնույթի փոփոխություններ են պետք, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների հարցն ակտուալանա։ Որպես նման աշխարհաքաղաքական փոփոխություն՝ ԵԱՏՄ-Թուրքիա մաքսային հնարավոր համագործակցությունն Է.Վարդանյանը քիչ հավանական համարեց. «Դա մի փոքր այլ բնույթի հարց է։ Այն հիմնավորումները, որոնք հիմք են ծառայել նմանատիպ ստատուս-քվոյի ստեղծման համար՝ թե՛ հայ-թուրքական արձանագրությունների, թե հարաբերությունների հետ կապված, այդ հիմնավորումները չեն վերանայվել, և այդ հիմնավորումների հետ կապված որևէ աշխարհաքաղաքկան փոփոխություն տեղի չի ունեցել։ Խնդիրը, բնականաբար, հիմնականում Ղարաբաղն է»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: