«Տարեցների ներուժը, որպես սոցիալական լիիրավ անդամի, օգտագործվի». Արտեմ Ասատրյան
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց կառավարության գործունեության անցած 1 տարում ոլորտում իրականացված աշխատանքները:
«Բյուջետային սահմանափակ հատկացումների շրջանակում երկու ուղղությամբ ենք աշխատել` ծրագրերի հասցեականության բարձրացման, թիրախայնության, նպատակայնության իմաստավորում դեպի առավել խոցելի խմբերը, և մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում, որ քաղաքացիների շփումը վարչարարության հետ նվազի»,- ասաց Ա.Ասատրյանը:
Նա նշեց, որ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, այդ թվում` զբաղվածության ապահովմանն ուղղված նոր ծրագրեր են ներդրվել, որի նպատակով մշակվել են համապատասխան օրենսդրական նախագծեր, ներդրվել են բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճականությունն ապահովող մոտեցումներ, և այս տարվա 8 ամիսների ընթացքում բնական գազի և էլեկտրաէներգիայի ցածր սակագնից օգտվել է համապատասխանաբար 75 հազար և 123.5 հազար ընտանիք: Սոցիալական պաշտպանության ոլորտում, ըստ նախարարի, ընդլայնվել են էլեկտրոնային ծառայությունները, արմատականորեն վերանայվել են անապահովության գնահատման մոտեցումները և մեթոդաբանությունը, վերակազմակերպվել են երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունները, սկսվել է փորձնական կիրառվել հաշմանդամության նոր մոդելը և իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրեր` գնահատված կարիքներին համապատասխան, և այլն:
Ա.Ասատրյանը նշեց, որ ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը սահմանել է Տարեցների միջազգային օր, և ՀՀ-ն վարում է տարեցների կյանքի բարելավմանն ուղղված քաղաքականություն. «Ակտիվ ծերացման քաղաքականության հիմնախնդիրն ամբողջ աշխարհում արդիական է և ակտիվ քննարկման փուլում է գտնվում, թե ինչպես անեն, որ տարեցներն ավելի երկար ժամանակ գտնվեն աշխատաշուկայում»:
Ըստ նրա` տարեցները, լինելով ավելի փորձառու, պետք է հնարավորություն ունենան ավելի երկար ժամանակ և լիարժեք կիրառել իրենց ներուժը. «ՀՀ կառավարությունը համապատասխան միջոցառումների ծրագիր է մշակել այս առումով, վերլուծել ենք տարբեր մարզերում տարեցներին անհրաժեշտ ծառայությունների տեսականին: Առաջիկայում կունենանք առավել արդիական լուծումներ, որ տարեցների ներուժը, որպես սոցիալական լիիրավ անդամի, օգտագործվի»:
Ա.Ասատրյանի խոսքով` երիտասարդներին պետական կառավարման համակարգ ընդգրկվելու և 3-6 ամիս ժամանակ կամավոր աշխատելու հնարավորություն է ընձեռվել, նաև նրանք, ըստ ձեռք բերված գիտելիքների և նախասիրությունների, հնարավորություն կունենան շարունակել աշխատանքը պետական կառավարման համակարգում, դա նաև փորձառություն կլինի` աշխատաշուկայում ավելի հեշտ աշխատանք գտնելու առումով: