«ՔԴԵԴ-ը մի հարթակ է, որը նպաստում է էլիտայի ձևավորմանը». Մեկնարկեց 2017-2018 ուսումնական տարին

Այսօր Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) 12-րդ անգամ ազդարարեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ ՔԴԵԴ-ը կարևորագույն հարթակ է, որտեղ հնարավորություն կա բանավիճելու, լսելու շատ լավ դասախոսների, մտքեր փոխանակելու նրանց հետ և դա անելու ազատ, անկաշկանդ ֆորմատով։

ՔԴԵԴ-ի ստեղծման ակունքներում կանգնած ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձանագրեց, որ իրականում 12 տարին քիչ ժամանակ չէ։ Ըստ նրա՝ ՔԴԵԴ-ը մի հարթակ է, որը նպաստում է էլիտայի ձևավորմանը, դասընթացներին հասարակության տարբեր հատվածներից ներկայացուցիչներ են մասնակցում, ձևավորվել է մի ցանց, որտեղ մարդիկ իրար ճանաչում են, կարող են գտնվել նույնիսկ քաղաքական առումով հակադիր ճամբարներում, բայց պահպանել նորմալ հարաբերություններ։

«Եվրոպական արժեհամակարգի ճանապարհով գնալը վերադարձ է սեփական արմատներին։ Քրիստոնեությունը ոչ միայն կրոն է, այլև արժեհամակարգ։ Եվրոպան կառուցված է այդ արժեհամակարգի վրա։ Մենք մի ժողովուրդ ենք, որ քրիստոնեությունն առաջինն է ընդունել՝ որպես պետական կրոն, և այդ տեսակետից մեր լուման ունենք»,- նկատեց Շ. Քոչարյանը։

Կարդացեք նաև

ՔԴԵԴ-ի շրջանավարտ, պաշտպանության նախարար Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ ստեղծման առաջին տարիներին սաների հիմնական մոտիվացիան Ստրասբուրգ մեկնելն էր, բայց հետագայում դա վերացավ, և ՔԴԵԴ-ը հաստատվեց՝ որպես պարզ հարթակ, որտեղ քննարկման բոլոր կանոնները պահպանող միջավայր է, որի արդյունքում ձևավորվում է ցանց՝ և՛ քաղաքացիական հասարակության, և՛ պետական ինստիտուտների համար. «Երևանյան դպրոցն իր ուրույն ձեռագիրը, ուրույն դեմքն ունի, և նոր ընդունվողներին էլ խնդրում, հորդորում եմ, որ այդ ձեռագիրն ու դեմքը պահպանեն, ամրացնեն, է՛լ ավելի գրավիչ ու հմայիչ դարձնեն»։

Քաղաքական մեկնաբան Արտեմ Երկանյանը նշեց, որ չգիտի մի ուրիշ վայր, որտեղ կարելի է փոխվարչապետին և անգամ վարչապետին ոչ միայն հարց տալ, այլև փորձել նրա հետ վիճել. «Բացառիկ հարթակ է, քանի որ այստեղ տարբեր քաղաքական հայացքների մարդիկ կարողանում են շփվել, ընկերանալ, և դա դրական է նաև նրանց կուսակցությունների, հասարակության համար»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանի խոսքով՝  ուսանողներն այստեղ ոչ միայն սովորում են, այլև ինքնադրսևորվում. «Սա շատ հրաշալի համագործակցության հարթակ է, որտեղ ներկայացված են մեր հանրության բոլոր ոլորտները, այդ թվում՝ նաև քաղաքականը, որտեղ ընդգծված է ազգային ինքնագիտակցությունը, որ մենք ազգերի ընտանիքում լուրջ տեղ ունենք մեր պատկանելությամբ՝ առանց թեր կամ գերագնահատման։

Դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը հայտարարեց, որ անցած 12 տարիների ընթացքում, որ ՔԴԵԴ-ը գործունեություն է ծավալել, կան որոշակի արդյունքներ։ Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհում, երբ մրցակցությունն ազգերի, պետությունների մեջ դրսևորվում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև ինտելեկտուալ, եթե դու արդիականության նպատակ չունես, ուրեմն դու արդեն իսկ որոշել ես, որ հետ ես մնալու, չես գնալու մրցակցությամբ հաղթելու ճանապարհով։

«Արդիական Հայաստան, ինքնաճանաչում և աշխարհաճանաչում, նաև գիտակից պատասխանատու քաղաքացի ու իրավական պետություն։ Սրանք այն անկյունաքարերն են, որ մենք հանգել ենք, որ այս խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի մենք հասկանանք, որ մեզ համար մեր ապրած երկիրը կոմֆորտ է»,- ասաց Ա.Զաքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս