Բաժիններ՝

Հայաստանում մեկնարկել է տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը

Մեկնարկել է ամենամյա «ԴիջիԹեք-2017» միջազգային ցուցահանդեսը: «ԴիջիԹեք» ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է: «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի և ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:

Ցուցահանդեսում բացման խոսքով են հանդես եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ ցուցահանդեսը նպատակ ունի կոնսոլիդացնել հասարակությանը՝ Հայատանը կրկին բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու համար:

Կարդացեք նաև

Կարեն Վարդանյանը նշում է նաև, որ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված գաղափարներն ու նախագծերը հնարավորություն կունենան համագործակցել Պաշտպանության նախարարության հետ: Արդեն կան նախագծեր, որոնք ներկայացվելու են Պաշտպանության նախարարությանը:

Այս տարի ցուցահանդեսում սպասվում է մասնակիցների թվի աճ:

«Մենք ունենալու ենք պատվիրակություններ Կանադայից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Եթովպիայից և բազմաթիվ այլ երկրներից։ Մասնակցություն ունենք Գերմանիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, և այլն։ Եվ այս աշխարհագրությունն ավելի կարևորում է Հայաստանի դերն ու դիրքը տարածաշրջանում։ Կարծում եմ՝ այս երկրները Հայաստանը նաև ընկալում են՝ որպես միջմշակութային կենտրոն։ Եթե Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շփվել Հնդկաստանի հետ, ապա դա շատ ավելի հեշտ է անել հայերի միջոցով։ Այսինքն՝ այն միջմշակութային դիրքը, որ պատմականորեն մենք ունեցել ենք, այսօր մեծ դեր է խաղում տեխնոլոգիական ոլորտի համար»,- մեզ հետ զրույցում նշել էր Կարեն Վարդանյանը։

Միջազգային ընկերություններից մասնավորապես կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը,  ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries և այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը, և այլն:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտրոսյանն իր խոսքում ևս կարևորեց արտասահմանյան ընկերությունների մասնակցությունը: Ըստ նախարարի՝ «ԴիջիԹեքն» անընդհատ զարգացում է ապրում: Դրա ապացույցներից է շուրջ 150 ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին:

Նախարարը տեղեկացնում է նաև, որ «ԴիջիԹեքի» շրջանակներում տեղի է ունենալու ոչ միայն ցուցահանդես, այլև գիտաժողովներ և հանդիպումներ: Հանդիպումներ են լինելու նաև արտասահմանյան պատվիրակությունների հետ, մասնավորապես՝ անցկացվելու են հայ-ճապոնական, հայ-կանադական գիտաժողովներ, որտեղ քննարկվելու են համագործակցության հեռանկարները:

Առաջիկա օրերին «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսին մասնակից ընկերությունները հանրությանը կներկայացնեն շուկայի վերջին տրենդներն ու նորարարությունները, թափուր աշխատատեղերը, կանցկացվեն գործարար հանդիպումները, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ, և այլն:

«ԴիջիԹեք 2017»-ին մասնակցում են  հայկական առաջատար Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ:

Հիշեցնենք, որ «ԴիջիԹեքն» իրականացվում է 2005 թ.-ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: «ԴիջիԹեք 2017»-ի պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը, հովանավորն է «Արփինետ» ընկերությունը,  պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս