Բաժիններ՝

«ԴիջիԹեքը համախմբում է Հայաստանի ապագան՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր տեսնող հայությանը». Կարեն Վարդանյան

ԴիջիԹեք-2017 միջազգային ցուցահանդեսը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին՝ համախմբելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք հանրությանը կներկայացնեն ՏՏ ոլորտի նորագույն ձեռքբերումները։

Այս տարի ԴիջիԹեքն աննախադեպ է տեղական և միջազգային ընկերությունների մասնակցությամբ և լայն աշխարհագրությամբ: Ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն և թվով 70.000 այցելու:

ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսին մասնակից ընկերությունները հանրությանը կներկայացնեն շուկայի վերջին տրենդներն ու նորարարությունները, թափուր աշխատատեղերը, կանցկացվեն գործարար հանդիպումները, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ, և այլն:

ԴիջիԹեք 2017-ին կմասնակցեն հայկական առաջատար Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ:

Կարդացեք նաև

ԴիջիԹեքի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նկատեց, որ այս տարի եռօրյա ցուցահանդեսն ունենալու է մեծաթիվ արտասահմանյան ընկերությունների ներկայություն, երկրների մասնակցություն։

«Մենք ունենալու ենք պատվիրակություններ Կանադայից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Եթովպիայից և բազմաթիվ այլ երկներից։ Մասնակցություն ունենք Գերմանիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, և այլն։ Եվ այս աշխարհագրությունն ավելի կարևորում է Հայաստանի դերն ու դիրքը տարածաշրջանում։ Կարծում եմ՝ այս երկրները Հայաստանը նաև ընկալում են՝ որպես միջմշակութային կենտրոն։ Եթե Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շփվել Հնդկաստանի հետ, ապա դա շատ ավելի հեշտ է անել հայերի միջոցով։ Այսինքն՝ այն միջմշակութային դիրքը, որ պատմականորեն մենք ունեցել ենք, այսօր մեծ դեր է խաղում տեխնոլոգիական ոլորտի համար»,- ասաց Կարեն Վարդանյանը։

Միջազգային ընկերություններից մասնավորապես կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը, ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries և այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը, և այլն:

Այս տարի ևս ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչները կանխատեսում են, որ կունենան այցելուների թվի աճ։ Որոշակի աճ կլինի նաև ցուցահանդեսում ներկայանալիք ընկերությունների առումով։ ԴիջիԹեքի շրջանակներում կանցկացվի Հայաստանի ռոբոտաշինության առաջնությունը, որը կանցկացվի հատուկ պատրաստված հարթակում։ Ցուցահանդեսային տարածքում ամբողջությամբ առանձնացվել է ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության հատվածը։

Կարեն Վարդանյանը նկատում է, որ ԴիջիԹեքն այն հարթակն է, որը միավորում է տեխնոլոգիական հայությանը, այն հայությանը, որը Հայաստանի ապագան տեսնում է՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր։ Ըստ ԻՏՁՄ ղեկավարի՝ այդ մարդիկ հավաքվում են, տեսնում են, որ մենակ չեն, ուժ են ստանում և աշխատում են Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս