Բաժիններ՝

«Դահուա Թեքնոլոջիի»՝ արհեստական ինտելեկտի, ամպային վերջին տեխնոլոգիաները՝ «ԴիջիԹեքում»

Սեպտեմբերի 29-ին կմեկնարկի ամենամյա «ԴիջիԹեքի» միջազգային ցուցահանդեսը՝ համախմբելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք հանրությանը կներկայացնեն ՏՏ ոլորտի նորագույն ձեռքբերումները։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություննում նշում են, որ այս տարի «ԴիջիԹեքին» կմասնակցի նաև  Չինաստանի հանրահայտ «Դահուա Թեքնոլոջի» ընկերությունը:

Չինական «Դահուա Թեքնոլոջի»  ընկերությունը «ԴիջիԹեքին» մասնակցում է առաջին անգամ, այն էլ` որպես «ԴիջիԹեք» ցուցահանդեսի գործընկեր։ Ընկերությունը հայտնի է իր ինժեներական հնարավորություններով և տեխնոլոգիական լուծումներով։ Այն աշխարհում տեսահսկման համակարգերի առաջատար մատակարար է: Դահուայի լուծումները լայնորեն օգտագործվում են բանկային, հասարակական անվտանգության, հեռահաղորդակցության, էներգետիկայի, մանրածախ առևտրի, շինարարության և տրանսպորտի բնագավառներում:

«Դահուա Թեքնոլոջի» ընկերության կովկասյան խմբի վաճառքի տնօրեն Սոֆի Լին նշում է, որ իրենց ընկերությունը մասնակցում է «ԴիջիԹեքին», քանի որ այն Հայաստանում բարձր տեխնոլոգիական կարևորագույն իրադարձություն է, և նպատակ ունեն ցուցահանդեսի այցելուներին ներկայացնելու Դահուայի հիմնական լուծումները, արտադրանքը՝ նրանց առաջարկելով բիզնես լավ հնարավորություններ։ Դահուան հայաստանյան էքսպոյում կներկայացնի իր վերջին տեխնոլոգիաները, ներառյալ՝ HDCVI, AI (արհեստական ինտելեկտ), IoT (իրերի ինտերնետ-Internet of Things), Machine Vision և ամպային տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ լուծումներ։

Սոֆի Լին նկատում է, որ հայաստանյան շուկան իրենց առաջնահերթությունների մեջ է: Ունենալով տեսախցիկների վերահսկման ապրանքների, լուծումների և ծառայությունների համապարփակ պորտֆել, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության տարիների մեծ փորձ՝ իրենք առաջարկում են որոշակի առավելություններ հայաստանյան հաճախորդներին սպասարկելու գործում:

«Դահուա Թեքնոլոջիի» ներկայացուցիչը, խոսելով «ԴիջիԹեքի» մասին, ընդգծում է, որ բարձր տեխնոլոգիաների միջազգային այս ցուցահանդեսն արտացոլում է շուկայում առկա տեխնոլոգիական միտումները: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն Դահուային, այլև բազմաթիվ այլ բարձր տեխնոլոգիական ընկերությունների՝ ներկայացնել իրենց արտադրանքի զարգացման ուղղությունը:

Սիրարփի Աղաբաբյան     

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս