«Սևանի հարցով մտահոգվելու խնդիր միշտ կա». Ջրի մակարդակը 3 սմ-ով իջել է
«Սևանի հարցով մտահոգվելու խնդիր միշտ կա, որովհետև Սևանը ոչ միայն մեր կենտրոնական ազգային հարստությունն է, այլև տնտեսական, սոցիալական, էկոլոգիական մեծ արժեք է ներկայացնում: Ջրառն իրականացվել է նախատեսված գրաֆիկին համապատասխան, սեպտեմբերի 15-ին դադարեցվել է, կապարակնքվել, և այս պահին որևէ ջրառ չի իրականացվում: Այս պահին 3 սմ-ով ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշն է, որի համար պետք է հաշվի առնենք օդի բարձր ջերմությունը և եղանակային պայմանները, որ բերել են ավելի մեծ ծավալի ջրի գոլորշիացման»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` ամփոփելով կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքները:
Ըստ նրա` հավելյալ ջրառի այլ նպատակ չկա: Նախարարը նշեց, որ առաջիկայում Սևանի վերաբերյալ լայն քննարկումներ կծավալեն` ջրի քիմիական բաղադրության, էկոհավասարակշռության մոտեցումների լույսի ներքո վերանայումների ուղղությամբ, օրենսդրական դաշտն այսօր էական վերանայման կարիք ունի: