«Ժիրայր Սէֆիլյանի կողմից հնչեցված կոչը որևէ ապագա չի ունենալու»

«Ժիրայր Սէֆիլյանի՝ դիամադրական ճակատ ստեղծելու մասին կոչի նման բազմաթիվ կոչեր են եղել վերջին 25 տարվա ընթացքում՝ տարբեր կառույցների, քաղաքական ուժերի կողմից, սակայն, առանց բացառության՝ բոլոր այդ կոչերն էլ ապագա չեն ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն «Արմավիր» ՔԿՀ հասցեական դիմում է հղել Հայաստանի ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով «վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ» և իշխանափոխություն իրականացնել:

Ա. Բադալյանը գտնում է՝ Ժիրայր Սէֆիլյանի կողմից հնչեցված այդ կոչը նույնպես որևէ ապագա չի ունենալու, որովհետև, նրա խոսքով, իշխանափոխությունը կոչով չեն իրականացնում՝ անկախ նրանից, թե այդ կոչի մեջ բովանդակային տեսանկյունից ինչեր են քննարկվում. «Կոչերով իշխանափոխություն չի լինում, կոչերով միավորում չի լինում»:

Անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընդդիմադիր ուժերին ուղղված հայտարարությանը, որով նա կոչ է անում է կրկին միավորվել՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ ընդդիմադիր ուժերի միավորումը որպես մեխանիկական գործընթաց տեղի չի ունենում.

«Որովհետև ընդդիմադիր ուժեր կան, որոնց նպատակն է՝ Հայաստանին տեսնել արևմտյան կառույցներին ինտեգրված, ընդդիմադիր ուժեր կան, որոնք գտնում են, որ Հայաստանը պետք է է՛լ ավելի ինտեգրվի ռուսական կառույցներին: Կան ընդդիմադիր ուժեր, որոնք համարում են, որ ո՛չ այս կողմ պետք է ինտեգրվենք, ո՛չ այն կողմ… Այսինքն՝ ընդդիմադիր կառույցները բոլորը տարբեր մոտեցումներ ունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս նրանք կարող են միավորվել, միավորվեն՝ զուտ իշխանափոխություն կատարելո՞ւ համար, դա նույնպես տեղի չի ունենա, որովհետև յուրաքանչյուրը կմտածի՝ եթե տեղի ունեցավ իշխանափոխություն, այդ Հայաստանն ապագայում ո՞ւր է գնալու՝ Արևմո՞ւտք, Ռուսաստա՞ն, թե՞ ոչ մի տեղ չի գնալու, և յուրաքանչյուրը հետ կգնա այդ գաղափարից, որովհետև կստացվի՝ ինքը մասնակցել է մի իշխանափոխության գործընթացի, որի արդյունքներից կարող է օգտվել ուրիշը»:

Ա. Բադալյանի դիտարկմամբ՝ կոնկրետ ընդդիմադիր ուժեր պետք է միավորվեն, որոնք ունեն նույն նպատակները, քանի որ «մեխնիկական միավորումն արդյունք չի տա»:
Քաղտեխնոլոգը նշեց, որ այս գործընթացները չեն կարող թեժացնել աշունը, որովհետև քաղաքական կյանքը թեժանում է, եթե հասարակությունը թեժ է և պահանջում է թեժություն, եթե հասարակությունը թեժ չէ, թեժություն չի պահանջում և ընտրել է պայքարի իր ուղին՝ կա՛մ արտագաղթել, կա՛մ ներքաշվել իր բնակարանները և չզբաղվել քաղաքական ակտիվ գործընթացներով, ընդդիմադիր ոչ մի ուժ չի կարող հասարակությունից կտրված՝ թեժացնել իրավիճակը:

«Իհարկե, այսօր թեժացնելու նախադրյալները կան, սոցիալ-տնտեսական վատ վիճակն է, արդարադատության համակարգի իսպառ բացակայությունն է, և այլն, այսինքն՝ անհրաժեշտ պայմանները կան, բայց անհրաժեշտ պայմանների առկայությունը բավարար չէ, որպեսզի իրավիճակը թեժանա, դրա համար պետք է ամենօրյա աշխատանք իրականացվի տարիների ընթացքում, դրա համար պետք է բավական մեծ ֆինանսական, լրատվական ռեսուրսներ ունենալ, ունենալ նաև արտաքին քաղաքական աջակցություն: Եթե այդ ամենը չկա, դու չես կարող հասարակությանը թեժացնել, եթե չես կարող հասարակությանը թեժացնել, ապա թեժ աշուն չի կարող լինել»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պայքարի միջոցները չեն փոխվում, այսքան տարիների ընթացքում ընդդիմությունն ինչո՞ւ դասեր չի քաղում իր իսկ սխալներից, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Դա նոր չէ, դա չի սկսվել 2008 թվականին, 1991 թվականից էլ քաղաքական գործընթացը Հայաստանում տեղի է ունենում: Մեր կողքի հարևանները՝ Վրաստանը, Ուկրաինան և բազմաթիվ այլ երկրներ մեկ անգամ հաջողություն չեն ունեցել, հետո դասեր են քաղել և կարողացել են հաջողության հասնել, այսինքն՝ պարտադիր չէր, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերն ուշադրություն դարձնեին Հայաստանի քաղաքական համակարգին և դասերն այդ գործընթացներից քաղեին: Բայց չեն նայել հիմնականում մեկ պատճառով, որ կա մեծամտություն, իրենց թվացել է՝ իրենք այնքան խելոք են, որ, եթե նախորդի մոտ չստացվեց, իրենց մոտ կարող է ստացվել, ու.

Փաստորեն, անընդհատ ոտքը դրել են գերանդիին, բայց համապատասխան դասեր չեն քաղել: Դա գալիս է քաղաքական շատ ուժերի մեծամտությունից, ուրիշի կարծիքը հաշվի չառնելու սկզբունքից, մասնագիտական գիտելիքներ չունենալուց, շատ անգամ բացարձակ տգիտությունից  է գալիս»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ նման գործընթացների համար պետք է 5-6 տարի աշխատել. «Իսկ Հայաստանի ընդդիմադիր շատ ուժերին պետք է կարճաժամկետ ինչ-որ PR ակցիա»:

Տեսանյութեր

Լրահոս