«Պաշտոնական Երևանի հաշվարկներով` դա Թուրքիային կզրկի սակարկելու հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործելու հեռանկարից». Ստեփան Սաֆարյան
Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ
– Պարոն Սաֆարյան, Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսեց ԼՂ հարակից տարածքների վերադարձի մասին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանը վերջնագիր ներկայացրեց Թուրքիային` Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու առումով, Թուրքիան ակտիվ բանակցում է Մոսկվայի հետ ազատ առևտրի գոտու մասին, իսկ նախկինում Թուրքիայի ղեկավարները խոստանում էին ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել` 2 շրջան վերադարձնելու պայմանով։ Կապ տեսնո՞ւմ եք այս ամենում:
– Տարիների ընթացքում տեղի ունեցած պրոցեսների միջև կապ կա: Գիտեք, հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան շատ ամուր շաղկապեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ և, թերևս, Հայաստանի կողմից արձանագրություններն իսպառ դեն նետելու խնդիրը, անշուշտ, կարող է կապ ունենալ մի քանի հանգամանքի հետ, նախ առաջինը` ռուս-թուրքական մերձեցման, որտեղ ընդհուպ խոսվում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մասին, և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ակնարկեց դրա անհնարինությունը՝ սահմանների փակ լինելու պատճառով, և այժմ կարելի է կապ տեսնել այս գործընթացի` ռուս-թուրքական մերձեցման, Թուրքիայի Եվրասիական դիսկուրսի և սահմանների խնդիրը Հայաստանի կողմից անուղղակի բարձրացնելու հարցի հետ, որովհետև սահմանների բացում և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ նախատեսվում էին Ցյուրիխյան արձանագրություններով:
Բայց կարծես թե ստացվում է, որ Թուրքիան արհամարհում է այդ հանգամանքը և չի ժխտում ԵԱՏՄ-ի հետ որևէ կերպ հարաբերվելու հարցը՝ առանց Հայաստանի հետ սահմանների խնդիրը լուծելու: Կարծում եմ, որ ՀՀ-ն` ի թիվս այլ խնդիրների, փորձում է ազդել այդ մտադրությունների վրա:
Երկրորդը` ԼՂ խնդրի բանակցային գործընթացն է, որտեղ ռուս-թուրքական բանակցություններ եղել են և կան: Եվ, այո, եթե 2008-10թթ. դիտարկվում և որոշակի ուշադրության էր արժանանում թուրքական կողմի առաջարկը` մի քանի շրջաններ տալ և լուծում ստանալ նաև թուրքական առանցքով, այժմ կարծես թե Թուրքիան Ռուսաստանի հետ կոնսուլտացիաներում հանդես է գալիս՝ որպես Ադրբեջանի խնդիրը բարձրաձայնող, և այս կտրվածքով, այո, դա նույնպես կարող է կապ ունենալ Սերժ Սարգսյանի քայլի հետ, որովհետև համենայն դեպս պաշտոնական Երևանի հաշվարկներով՝ դա Թուրքիային կզրկի սակարկելու հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործելու հեռանկարից:
– Հայկական կողմի համար որքանո՞վ է այս լուծումն ընդունելի: Չէ՞ որ Արցախում հստակ հայտարարում են, որ ոչ մի շրջանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող:
– Դատելով նրանից, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահ և ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օրերս Բաքվում հայտարարեց, որ Նալբանդյանի խոսքը կոնտեքստից հանվել է և ճիշտ մեկնաբանություն չի տրվել, նաև դատելով նրանից, որ Շավարշ Քոչարյանը հերքում է կարծես թե Էդվարդ Նալբանդյանին, ապա գործ ունենք ավելի շատ վատ ձևակերպված մտքի հետ: Եվ այդ կտրվածքով, համենայն դեպս, առաջին հերթին՝ որպես հնարավոր բացատրություն, այն է գալիս, որ հավանաբար Նալբանդյանը պարզապես փորձել է ինչ-որ ձևով խոսել համապարփակ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասով: Բայց, թերևս, հանուն արդարության՝ պետք է ասել, որ պաշտոնական Երևանը` և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նալբանդյանը, նշել են, որ տարածքային զիջումների և փոխզիջումների խնդիրը չի կարող դուրս բերվել կոնտեքստից և քննարկվել Ղարաբաղի անկախությունից առանձին:
Այս կտրվածքով, թերևս, Սերժ Սարգսյանի ելույթը` որպես ամենաթարմ դիրքորոշում պաշտոնական Երևանի, առկա է ՄԱԿ ամբիոնից, և հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ Էդվարդ Նալբանդյանը պարզապես փորձել է խոսել համապարփակ կարգավորման կոնտեքստում, ուղղակի մտքերը վատ է ձևակերպել:
– Պարոն Սաֆարյան, Նալբանդյանը նաև հայտարարել է, որ Մամեդյարովի հետ Նյու Յորքում հանդիպելու է այսօր` սեպտեմբերի 23-ին, օրակարգում երկու հարց է` նախագահների հանդիպման կազմակերպումը և համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան: Սակայն ՄԱԿ-ում Ալիևի կոշտ ելույթից հետո այս հանդիպումն ի՞նչ արդյունք կարող է տալ:
– Այդ հանդիպման ընթացքում, ես կարծում եմ՝ պաշտոնական Երևանը պետք է Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի առաջ դնի բանակցություններում Ադրբեջանի ադեկվատության խնդիրը, որովհետև անթույլատրելի է բանակցային ցանկացած գործընթացի համար նման հռետորաբանությունը, և դրան զուգընթաց՝ կարգավորմանն ուղղված հանդիպումները: Այս կտրվածքով Իլհամ Ալիևը պետք է շատ հստակ դաս ստանա, որ լկստված երեխայի նման չի կարելի պահել իրեն, և դա չի կարող հանդուրժվել: Որովհետև այն, ինչ անում է նա, ուղղակի լակոտի կեցվածք է. մի կողմից՝ հայհոյախոսել, և մյուս կողմից՝ գալ-նստել բանակցային սեղանի շուրջ` իբրև խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Այս կտրվածքով, իհարկե, լուրջ խնդիր ունի Երևանը: Եվ ուզում եմ զգուշացնել, որ, եթե այս խնդիրը հիմա չդրվի, ապա հետևանքներն անկանխատեսելի են: Բանակցությունների կամ հակամարտության ժամանակ չափազանց կարևոր է հռետորաբանությանը հետևելը, հռետորաբանության կառավարումը, և ինչ են խոսում, ինչ թույլատրելի սահմաններ կան, ինչ չեն խոսում, այս կտրվածքով Իլհամ Ալիևի պահվածքն արդեն դուրս է ոչ միայն՝ քաղաքական էթիկայի շրջանակներից, այլև՝ ուղղակի հակացուցված է բանակցային տեսության կողմից: