Արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետները կկրճատվեն և գործընթացը կպարզեցվի
Բոլորովին վերջերս ամբողջովին «թարմացված» Հարկային օրենսգրքում ՀՀ կառավարությունը նոր փոփոխություն է նախատեսում, որն այս անգամ բավականին կուրախացնի գործարարներին։
Մասնավորապես, նախատեսվում է արտահանման խրախուսման նպատակով ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում:
ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացրել էր բարեփոխում` սահմանելով մինչև 20 մլն դրամի չափով ԱԱՀ-ի զրոյական գումարների վերադարձի պարզեցված ընթացակարգ և առավել սեղմ ժամկետներ։
Չնայած Հարկային օրենսգրքով ևս նախատեսվում են հարկի գումարի վերադարձի (միասնական հաշվից գումարների վերադարձի) էապես կարճ ժամկետներ, հարկ վճարողին տույժ է վճարվում միայն գումարի վերադարձը սահմանված ժամկետից 90 օրից ավելի ուշացնելու դեպքում: Սակայն միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը:
Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետը խախտելու դեպքում տույժերի չհաշվարկման ժամկետը` այն մոտարկելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշերին, այսինքն՝ հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը կրճատվում է 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր:
Նախագիծը վաղը կառավարության նիստում կներկայացնի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։
Ուշագրավ է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն առարկություն է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ նախագծի ընդունումը համարելով խնդրահարույց և ոչ նպատակահարմար: Սակայն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն այդ առարկությունն «անհասկանալի» է որակել։ Մասնավորապես՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից պետական բյուջեի ընթացիկ իրացվելիության տեսանկյունից նախագծի ընդունման ազդեցությունը դիտարկվել է միայն ներկա տնտեսական պայմանները հաշվի առնելով:
Մինչդեռ, ՀՀ ֆինանսների նախարարության նկատառումը վերաբերում է ոչ թե ներկա տնտեսական պայմաններում բյուջեի ընթացիկ իրացվելիության վրա նախագծի ընդունման հնարավոր ազդեցությանը, այլ տնտեսական ոչ բարենպաստ կամ հնարավոր ճգնաժամային իրավիճակներում բյուջեի ընթացիկ իրացվելիության վրա ազդեցությանը: Խնդիրն այն է, որ 90 օրից հետո տույժեր հաշվարկելու դրույթն առավելագույնս հնարավորություն է տալիս կառավարել տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակներում պետական բյուջեի եկամուտների հոսքերի հետ կապված ռիսկերը: Այս առումով, առաջարկության ընդունման դեպքում, կստացվի այնպես, որ տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակների ժամանակ էլ ավելի կսրվի պետական բյուջեի ընթացիկ իրացվելիության խնդիրը:
Այսինքն` եթե տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակի հետևանքով պետական բյուջեի եկամուտները չբավարարեն սահմանված ժամկետներում գումարների վերադարձն իրականացնելու համար, ապա առաջարկությունը կնպաստի իրավիճակի էլ ավելի վատթարացմանը, որի արդյունքում կվտանգվի պետական բյուջեով նախատեսված ծախսերի իրականացումը: