«Արտագաղթի կասեցմանն ուղղված որևէ քայլ չի կատարվում Հայաստանում». Մանե Թանդիլյան

Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ

– Տիկին Թանդիլյան, Հայաստանփյուռք համաժողովում Սերժ Սարգսյանն իր ուղերձում հայտարարեց, թե 2020 թ. 4 մլն բնակչություն ունենալու նպատակին դժվար կլինի հասնել միայն ծնելիության ավելացմամբ և կյանքի տևողության երկարացմամբ, և հարկավոր է լուրջ ներգաղթ ապահովել։ Ձեր կարծիքով՝ միտումներ կա՞ն արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխելու համար։

– Նախ՝ բնական է, որ ներգաղթ ապահովելու համար անհրաժեշտ է կասեցնել արտագաղթը և ստեղծել այնպիսի բարենպաստ միջավայր, որը կլինի ավելի գրավիչ, քան այն միջավայրը, որում հարմարվել և ապրում են Հայաստանից արտագաղթած քաղաքացիները: Ցավով եմ արձանագրում, որ արտագաղթի կասեցմանն ուղղված որևէ քայլ չի կատարվում Հայաստանում, իսկ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում իշխանության վերարտադրումն այն ազդակն էր հասարակությանը, որ Հայաստանի զարգացման միտումներն առաջիկա ժամանակներում չեն փոխվելու:

Համաժողովի օրակարգային հարցերից մեկը ներառված է «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում՝ Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից կազմված Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծում: Ո՞րն է դրա դերն ու նշանակությունը։

– «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում անդրադառնալով սփյուռքի դերին՝ մենք ամրագրել էինք, որ անհրաժեշտ է ստեղծել Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատը, որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը պետք է լիներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը: Նաև՝ Ներգաղթի և Սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ:

Ինչպես տեսնում եք, այն, ինչ առաջ է բերված այս համաժողովի օրակարգում, շատ հեռու է փոխգործակցության տեսանկյունից առարկայական լինելուց:

Ի՞նչ քայլեր են հարկավոր պալատի ստեղծման համար։

– Պալատի ստեղծումը քաղաքական որոշման հարց է: Միևնույն ժամանակ՝ ակնհայտ է, որ այն պետք է իրականացվի բոլորովին այլ մոտեցումներով, քան այս համաժողովն է, և իրապես առանց խտրական զտումների համախմբող նշանակություն ունենա:

Տեսանյութեր

Լրահոս