«Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն արդեն դարձել են ռազմավարական նշանակություն ունեցող». Ռուբեն Սաֆրաստյան
«Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող Հայաստանն անկախության տարիների ընթացքում կարողացել է դիմակայել շատ ծանր մարտահրավերների՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը և սատար կանգնելով Արցախի ժողովրդի արդար պայքարին»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում «Արտաքին քաղաքականության օրակարգ» թեմատիկ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանը մեր զարգացման անկախ տասնամյակների ընթացքում հաղթեց պատերազմը՝ ի տարբերություն մեր հարևաններ Վրաստանի և Ադրբեջանի, և կարողացավ ոչ միայն պահպանել իր տարածքային ամբողջականությունը, այլ նաև սատար կանգնել Արցախի ժողովրդի արդար պայքարին:
Նա երկու հանգամանք նշեց, որոնք հնարավորություն են տվել դիմակայել այդ ծանր մարտահրավերներին: Առաջինը, ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն է, երկրորդը՝ Սփյուռքի գործունեությունը. «Անկախության տարիների ընթացքում մեր արտաքին քաղաքականությունը կարող է համարվել ոչ միայն հաջողված, այլ նաև ունիկալ մի երևույթ համաշխարհային դիվանագիտության տիրույթում: Մենք կարողացել ենք դաշնակցային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, մաս կազմել ռազմաքաղաքական դաշինքների և ապահովել մեր անվտանգությունը: Ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չունեն Ռուսաստանի նման դաշնակից և մաս չեն կազմում որևէ ռազմաքաղաքական դաշինքի: Մյուս կողմից՝ մենք կարողացել ենք այս տասնամյակների ընթացքում կառուցողական հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Այդ հարաբերություններում կարևոր է այն հանգամանքը, որ մենք բոլոր այն պարտականությունները, որոնք վերցնում ենք մեր վրա, հստակ կատարում ենք»,- ընդգծեց փորձագետը:
Նա կարևորում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կարողացել է չորս հարևաններից երկուսի հետ հաստատել կայուն հարաբերություններ: Նրա խոսքով՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն արդեն դուրս են եկել երկկողմ գործակցության ձևաչափից և դարձել են ռազմավարական նշանակություն ունեցող՝ հանդիսանալով տարածաշրջանում կայունացնող գործոն: