«Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երրորդ ժամկետում բացառապես անընդունելի է «Ելքի» համար». Նիկոլ Փաշինյան

«Այն, թե ինչպես է վերաբերում Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանին, դա բացառապես իրենց անձնական խնդիրն է: Բայց Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երրորդ ժամկետով, այսինքն` որպես վարչապետ, դա նրա երրորդ ժամկետն է լինում, բացառապես անընդունելի է «Ելքի» համար: «Ելքը» ամեն ինչ կանի իրենից կախված, նման սցենար թույլ չտալու համար»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե ինչ վտանգներ են պարունակում նման զարգացումները և պետք է իմանան, որ կարող են դուրս գալ փողոց` դա թույլ չտալու համար: Փաշինյանը միաժամաակ կարևորեց, որ իրենք ժողովրդին հերթական հիասթափության չմատնեն և պարտության չտանեն:

Նրա խոսքով` նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրվածը ցավալի է, բայց ժողովուրդը կարող է նոր արձնագրումներ անել և, երբ կպարզվի, որ «Ելքը» իրավունք ունի խոսել ՀՀ քաղաքացիների մեծամասնության անունից, իրենք երաշխավորում են, որ այդ քաղաքացիների կամքը կդառնա քաղաքական իրողություն:

«Սերժ Սարգսյանը բացարձակապես անընդունելի է, և ոչ միայն նրա թեկնածությունը, այլ` ԵՏՄ-ական, ադրբեջանական ոճով այդ վերարտադությունը: ՀՀԿ-ական ցանկացած թեկնածու մեզ համար անընդունելի է: Եթե քաղակաքան այս ստատուս քվոյի պայմաններում շարունավում է ինչ-որ վերարտադրություն, առավել ևս Սերժ Սարգսյանի ընտրությունը, դա մեզ համար եռակի, քառակի անընդունելի է»,- նշեց Փաշինյանը:

Նրա կարծիքով` այսօրվա գործող Սահմանադրությամբ, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2018 թ.-ից, շատ ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ Սահմանադրության պայմաններում. «Եթե կա ուժ, որ ցանկանում է իշխանափոխություն անել, այս Սահմանադրությամբ ավելի հեշտ է: Եվ այդպիսի ուժ կա»:

Տեսանյութեր

Լրահոս