![](/banners/BeFunky-design.jpg)
Կատալոնիայի իշխանությունները նամակ են ուղարկել Իսպանիայի վարչապետին ու թագավորին՝ երկխոսության կոչով
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/905429.jpg)
Կատալոնիայի իշխանությունները նամակ են ուղարկել Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյին եւ Ֆիլիպ Վեցերորդ թագավորին՝ կոչ անելով երկխոսություն սկսել ինքնավար մարզի իրադրությունը կարգավորելու համար: Այդ մասին հայտնել է RAC 1 ռադիոկայանը:
Ըստ նրա տեղեկատվության, ուղերձն ստորագրել են Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, նրա տեղական Օրիոլ Ժունկերասը, ինչպես նաեւ Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաուն: Նամակում առաջարկվում է պայմանավորվել, թե ինչպես կատալոնացիները կարող են հանրաքվե անցկացնել անկախության շուրջ: Տարածաշրջանային իշխանությունների կարծիքով, հանրահարցումն անհրաժեշտ է, որպեսզի «լսվի քաղաքացիների ձայնը»:
Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել երկու անջատողական օրենքների: Առաջինը, տեղական իշխանությունների պնդմամբ, իրավական հիմք է ստեղծում անկախության հանրահարցում անցկացնելու համար: Երկրորդը կարգավորում է Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալը հանրաքվեում թագավորության հետ կապերի խզման կողմնակիցների հաղթանակի դեպքում:
Մադրիդը թե՛ երկու օրենքները եւ թե՛ բուն հանրահարցումը համարում է անօրինական: Իսպանիայի իշխանությունները հավաստիացնում են, որ հանրաքվե չի լինի: Երկրի Սահմանադրական դատարանն արդեն կասեցրել է Կատալոնիայի իշխանությունների որոշումների գործողությունը:
Ինչպես նախօրյակին հայտնել է El Mundo թերթը, Իսպանիայի իշխանությունները ցանկանում են կանխել ընտրական տեղամասերի բացումը, քվեարկության համար քվեատուփերի տեղադրումը եւ անջատականների տրամադրության տակ քեաթերթիկների հայտնվելը: Մադրիդը չի ցանկանում թույլ տալ, որ կրկնվի 2014 թվականի նոյեմբերի իրադրությունը, երբ տեղի ունեցավ կատալոնիական բնակչության անկախության անօրինական հարցում:
Դատախազությունն արդեն իրավապահ մարմիններին ցուցումներ է տվել միջոցներ ձեռնարկել հանրաքվեն կանխելու ուղղությամբ: Մասնավորապես, ոստիկանությունը հանրահարցման նյութերի որոնման գործողություն է իրականացնում: Նաեւ գերատեսչությունը ցուցմունքներ տալու համար կանչել է Կատալոնիայի շուրջ 700 քաղաքագլուխների, որոնք համաձայնել են աջակցել հանրաքվեի անցկացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: