ԵԱՏՄ-ն, Թուրքիան, Ադրբեջանն ու մենք…
Մինչ քաղաքական բեմահարթակում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը մեր հանրապետության անդամակցությունը դադարեցնելու «Ելք» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը, փորձագիտական որոշ շրջանակներ զգուշացնում են, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու դեպքում «սուրբ տեղը դատարկ չի մնա», և մեր հարևանները` Թուրքիան և Ադրբեջանը, կշտապեն մտնել այդ միություն: Մինչդեռ, ԵԱՏՄ-ն տարածաշրջանային միակ տնտեսական նախագիծն է, որում Հայաստանը ներգրավված է։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «168 Ժամի» հետ զրույցում ԵԱՏՄ-ում մնալու այս փաստարկները «սարսափելի աբսուրդային» որակեց:
Ըստ նրա` նախ՝ եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանան մտնել ԵԱՏՄ, Հայաստանը չի կարողանա դրա դեմն առնել: Երկրորդ, Է.Մարուքյանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանն այնքան պատկերացում ունեն իրենց հարաբերությունները զարգացնելու մասին, որ երբևէ չեն մտնի ԵԱՏՄ կազմի մեջ, մասնավորապես` Թուրքիան իր` Եվրամիության հետ ունեցած բարձր գնողունակության 500 մլն-անոց շուկան չի թողնի ու գա-մտնի ԵԱՏՄ 170 մլն-անոց աղքատ, ցածր մակարդակով, սահմանափակումներով շուկա:
Երրորդը, ըստ պատգամավորի, այն է, որ Թուրքիան ներկայումս ևս ազատ առևտուր է անում ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, Է.Մարուքյանի կարծիքով, այն այս պահին գտնվում է շահեկան վիճակում, որովհետև նրա վրա չեն տարածվում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, իսկ Հայաստանի վրա դրանք տարածվում են, և Բաքուն «կյանքում նման քայլ չի անի».
«Դրանք աբսուրդագույն փաստարկներ են: Ինքս շատ կցանկանայի, որ այդ երկրները մտնեն ԵԱՏՄ և կործանվեն, ինչպես մեր երկիրն է մարգինալացված, ինչպես մեր տնտեսություն է ծայրահեղ վատ վիճակում: Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵԱՏՄ-ի մեջ: Դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ»:
Է.Մարուքյանը նշեց, որ ԵԱՏՄ-ն ոչ թե միակ տարածաշրջանային միությունն է, որին անդամակցում է Հայաստանը, և որից դուրս գալը կնշանակի՝ մեկուսացում, այլ հակառակը` Հայաստանն ազատվում է այն կապանքներից, որոնք կան այսօր. «Այսօր Հայաստանը չի կարող ազատ առևտրի համաձայնագրեր կնքել և երկկողմ հարաբերություններ զարգացնել այլ երկրների հետ: Հայաստանը պետք է փորձի դա անել ԵԱՏՄ-ի միջոցով, ԵԱՏՄ խողովակներով, ԵԱՏՄ-ի անունից, իսկ եթե ԵԱՏՄ-ն չկնքի որևէ երկրի հետ պայմանագրեր, մենք չենք ստանա որևէ կրեդիտներ տվյալ հարաբերություններից:
Իսկ ԵԱՏՄ-ի դոմինանտ երկիրը գտնվում է արևմտյան ծայրահեղ սանկցիաների տակ: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեզ համար էլ է վատ, որ այդ սանկցիաները կան: Եթե մենք ԵԱՏՄ անդամ չլինեինք, այդ սանկցիաները կրկին ազդելու էին մեզ վրա, բայց հիմա ավելի շատ են ազդում: Բայց մյուս կողմից՝ մենք սահմանափակված ենք ԵԱՏՄ համաձայնագրով, որ այլ երկրների հետ կարողանանք հարաբերություններ զարգացնել»:
«Ի՞նչ պայմաններ կարող է Հայաստանն առաջադրել ԵԱՏՄ-ում Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությանը չխոչընդոտելու համար» հարցին նա պատասխանեց, որ, թեև դա ֆանտազիա է, սակայն Թուրքիայի դեպքում պահանջը պետք է լինի սահմանի բացումը, իսկ Ադրբեջանի դեպքում` Արցախի ճանաչման և անվտանգության հետ կապված հարցեր:
«Մենք` որպես ընդդիմադիր ուժ, ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանն այդ պահանջները ներկայացնի, բայց մյուս կողմից՝ տեսել ենք նաև, թե ՀՀ-ն ինչ վիճակում է գտնվում այդ միության մեջ: Ավելին` ռուս փորձագետները տեսակետ են հայտնել, որ Հայաստանը չի կարողանա դեմ լինել և վետո կիրառել»:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանելով մեր հարցերին՝ նշել է, որ Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի պաշտոնական առաջարկ ստանալու դեպքում. «Բնականաբար, մենք կունենանք պահանջներ, որ կպաշտպանեն մեր շահերը»:
Սակայն, ըստ նրա, ԵԱՏՄ-Թուրքիա համագործակցության վերաբերյալ որևէ կողմից պաշտոնական գրագրություն չի եղել, և Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի հայտարարությունը, թե ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու առաջարկ են ստացել, դժվար է մեկնաբանել, քանի որ այն չի պատասխանում մի շարք կարևոր հարցերի` ի՞նչ է լինելու ԵՄ-ի հետ Թուրքիայի մաքսային միությունը, ի՞նչ կարգավիճակով է Թուրքիան պատկերացնում այդ միությունը, և այլն. «Թուրք նախարարի հայտարարությունը քաղաքական է, որին, եթե չեմ սխալվում, արդեն իսկ արձագանքել է հենց Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ ասելով, որ հարցը դեռևս քննարկվում է»:
Թե ինչպե՞ս կազդի ԵԱՏՄ-Թուրքիա համագործակցությունը Հայաստանի տնտեսության վրա, փոխվարչապետը նշել է, որ հարցին կարելի է պատասխանել կոնկրետ դիմում ստանալուց հետո. «Մեր ենթադրությամբ` տրանսպորտային կոմունիկացիաների բացումը պետք է դրական ազդի Հայաստանի տնտեսության վրա»:
Այնուամենայնիվ` մնա՞լ, թե՞ չմնալ ԵԱՏՄ կազմում: Այս հարցի տնտեսական ռիսկերին երեկ Ազգային ժողովում անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ինչո՞վ է ԵԱՏՄ-ն լավ, դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են, ի՞նչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեինք, այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք մենք կորցնում ենք՝ լինելով ԵԱՏՄ ակումբի անդամ: Ես այս պահին չգիտեմ այլ շուկաներ, որոնց նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք: Արտահանման աճի տեմպերը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան՝ ԵՄ»,- փաստել է վարչապետը: