Բաժիններ՝

Բացահայտումներ 10 մարզկենտրոնների շտապ օգնության ծառայության կայաններում և պոլիկլինիկաներում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի և ԲՀՀ-Հայաստան-ի «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացված առողջապահական համակարգի հաստատությունների մոնիտորինգի արդյունքում պատրաստվել է «Շտապ բժշկական օգնության և պոլիկլինիկական ծառայությունների գնահատում» նախնական զեկույցը:

Դրա շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ բոլոր 10 մարզկենտրոնների շտապ օգնության ծառայության կայաններում: Նպատակն է եղել՝ բացահայտել շտապօգնության ծառայության սպասարկման որակը, օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում կանչին արձագանքելը: Ուսումնասիրություններ են իրականացվել նաև պոլիկլինիկաներում:

Շտապ բժշկական օգնության կանչը ստացած բրիգադը դուրս է գալիս կայանից կամ ենթակայանից անհապաղ: Երևան քաղաքում և ՀՀ մարզերի քաղաքային բնակավայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի` կանչի վայր ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն, ձմեռային ամիսներին բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններից: Կանչը սպասարկող բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերում առավելագույնը 30 րոպեի ընթացքում:

ՀՀ իրավական ակտերն ամրագրում են անվճար շտապ բժշկական օգնություն ստանալու անձանց իրավունքը: Այնուամենայնիվ, մարդիկ ոչ միշտ են կարողանում օգտվել նշված իրավունքից:

Կարդացեք նաև

Հարցումների արդյունքում հարցվողների 15%-ը նշել է, որ վճարել է շտապօգնության ծառայությունների համար: Համաձայն հարցվածների պատասխանների՝ վճարումներ կատարվել են ինչպես՝ ավտոմեքենայի վառելիքի (2%)՝ 10.000, այնպես էլ՝ շտապօգնության բրիգադի ժամանման (17%)՝ 1000-3000, բժշկական միջամտության (11%)՝ 1000-5000, դեղորայքի տրամադրման (5%)՝ 1000-3000, հիվանդներին այլ մարզերի բժշկական հաստատություններ տեղափոխելու համար՝ 10.000-80.000 ՀՀ դրամի սահմաններում:

Հարցման մասնակիցների 70%-ը նշել է, որ բժշկական միջամտության ընթացքում օգտագործվել է դեղորայք, հիմնականում՝ անալգին, դիմեդրոլ, ցավազրկող, հանգստացնող, և այլն: Դեղորայքը տրամադրվել է շտապօգնության անձնակազմի կողմից:

Հարցվածների ցանկությունն է եղել, որպեսզի ավելացվի մեքենաների և սարքավորումների քանակը, բարձրացվի բուժանձնակազմի սպասարկման որակը, շտապ օգնության մեքենան կանչի վայր հասնի սահմանված ժամանակում, շտապ օգնությունը համալրվի պրոֆեսիոնալ մասնագետներով, բարձրացվի ծառայության որակը, բարելավվի դեղորայքի ազդեցությունը և որակը, ավելացվի հիգիենիկ պարագաների, սարքավորումների, դեղորայքի քանակը:

Ինչպիսի՞ դժգոհություններ են ունեցել շտապ օգնության ծառայությունների տնօրենները 

Տնօրենների կողմից հնչել են բողոքներ՝ կապված ֆինանսական միջոցների սղության հետ: Մասնավորապես, Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի շտապօգնության ծառայության տնօրենները նշել են, որ ստացված միջոցները չեն բավարարում բժշկական օգնություն իրականացնելու համար, շտապ օգնության կանչերի թիվն ավելանում է, սակայն հատկացվող միջոցները՝ ոչ: Հաճախ խնդիրներ են ծագում՝ կապված նոր սարքավորումների ձեռքբերման հետ: Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի շտապ օգնության ծառայության տնօրենները նշել են, որ շտապ օգնության ավտոմեքենաների վիճակը վատ է, կարիք կա նոր, ամենագնաց մեքենաների, ինչպես նաև նոր սարքավորումների՝ մոնիտոր, դեֆիբրիլյատոր, արհեստական շնչառության սարքեր և այլն:

Անդրադարձ պոլիկլինիկաներին 

Հարցումների արդյունքում պարզվել է, որ պոլիկլինիկական ծառայությունների համար հիմնականում վճարել են բժշկական միջամտության (34%)` 1000-5000 ՀՀ դրամի, ախտորոշման (49%)՝ 1000-8000 ՀՀ դրամի, խորհրդատվության և լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար (27%)` 1.000-10.000 ՀՀ դրամի սահմաններում՝ ինչպես պոլիկլինիկայի աշխատակցի (64%) պահանջով, այնպես էլ՝ իրենց ցանկությամբ (36%)՝ որակյալ ծառայություն ստանալու ակնկալիքով:

Ուշադրություն դարձնենք զեկույցի այն հատվածի վրա, որի համաձայն՝ հարցվածների հիմնական մասը՝ 72%-ն, ասել է, որ պոլիկլինիկաներից դեղորայք չի ստանում: Հարցվածների միայն 28%-ն է պոլիկլինիկներից պարբերաբար դեղորայք ստանում: Պոլիկլինիկաներից հիմնականում ստանում են ցավազրկող, հակադիաբետիկ, արյան շրջանառությունը բարելավող դեղեր և վիտամիններ: Հակատուբերկուլյոզային, հոգեմետ հակաուռուցքային դեղեր և մանկական կաթնախառնուրդներ ստանում են շատ քչերը: Հարցվածներից և ոչ մեկը չէր ստանում հակացնցումային, հակամալարիայի, երիկամային հիվանդությունների համար դեղեր, կոլխիցին կամ այլ համարժեք դեղեր, ինչպես նաև պրոթեզավորումից հետո հակակոագուլյանտներ:

Պոլիկլինիկայից պարբերաբար դեղորայք ստացողների 93.5%-ը երբևէ չի վճարել պոլիկլինիկայի կողմից տրամադրված դեղերի համար: Մնացած 6.5%-ը վճարել է միայն հոգեմետ, հակաուռուցքային և ցավազրկող դեղերի համար:

Հարցման մասնակիցների 47%-ը նշել է, որ դեղերի տրամադրման ուշացումներ երբեք չեն եղել, 37%-ը նշել է, որ ուշացումներ երբեմն եղել են, իսկ մնացած 17% դեպքերում ուշացումներ հաճախ են եղել:

Հարցվածները կարևորել են պոլիկլինիկաների շենքերի վերանորոգումը, ժամանակակից սարքավորումների ձեռքբերումը, օրենքով սահմանված անվճար բժշկական օգնության հասանելիության ապահովումը, դեղերի մատչելիության և նոր տեսակներով համալրումը, որակյալ մասնագետների համալրումն ու վերապատրաստումը, ինչպես նաև պոլիկլինիկայի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը, սպասարկման որակի բարձրացումը, գնացուցակի առկայությունը (անվճար հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների ցանկ պոլիկլինիկաների միջանցքներում):

Բուժաշխատողները պահանջում են իրենց էլ սոցփաթեթ տրամադրել

Պոլիկլինիկական ծառայության բուժաշխատողներն առաջարկել են 38%-ով բարձրացնել իրենց աշխատավարձերը, 23%-ն առաջարկել է բարելավել աշխատանքային պայմանները, նորացնել սարքավորումները, և ամենակարևորն այն է, որ բուժաշխատողներին սոցիալական փաթեթ տրամադրվի, ինչը մինչ այժմ չի արվում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691 որոշման համաձայն, սոցփաթեթից օգտվում են կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական կազմակերպությունները, սակայն՝ ոչ բուժաշխատողները:

Այն ենթադրում է՝ փաթեթից օգտվողների ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ:

Ինչպիսի՞ բացահայտումներ են իրականացվել պոլիկլինիկաներում 

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի պոլիկլինիկաների գլխավոր բժիշկների հավաստմամբ, ֆինանսների բաշխման տեսանկյունից առաջանում են բազմապիսի դժվարություններ, մասնավորապես՝ նշվել է, որ պոլիկլինիկայում կան պարտադիր հետազոտություններ, որոնց համար տրամադրվող միջոցները երբեմն չեն բավականացնում, հետազոտությունների թիվն աճում է, իսկ տրամադրվող ֆինանսական միջոցները կրճատվում են:

Ինչ վերաբերում է անվճար դեղերի ցուցակների հրապարակայնացման անհրաժեշտությանը, առողջապահական ոլորտի փորձագետ Վիոլետա Զոփունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վճարովի և անվճար ծառայությունների ցանկը պետք է տեսանելի վայրերում փակցված լինեն, նաև համավճարի սկզբունքով մատուցվող ծառայությունների ցանկը, և այստեղ տարբերակում չկա՝ դա պոլիկլինիկա է, թե այլ բժշկական հաստատություն: Բոլոր վայրերում պետք է փակցված լինեն, սակայն ոչ բոլոր տեղերում են դրանք առկա:

Մեր դիտարկմանը, որ որոշ պոլիկլինիկաներում անվճար դեղերի ցանկը դրված է բժիշկների դարակներում, որպեսզի հիվանդներն իրենց համար գլխացավանք չդառնան, Վ. Զոփունյանը նշեց.

«Երբ մենք խոսում ենք բժշկական ծառայությունների մասին, այստեղ դեղերը նույնպես ներառված են, հետևաբար՝ պետք է հասանելի լինի նաև անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի ցանկը: Սակայն կարող եմ ասել, որ ցանկացած պացիենտ այդ ցանկին կարող է ծանոթանալ նաև կառավարության համապատասխան որոշմամբ: Դրան կարող են ծանոթանալ և´ Առողջապահության նախարարության կայքով, և՛ arils.am ընդհանուր օրենսդրական բազայի կայքում»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս