«Չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը կամ անդամակցությունից դուրս գալն ընդամենը պետք է լինի քաղաքական օրակարգ լրացնելու հարց». Հովհաննես Սահակյան

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը երեկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:

168.am-ի հետ զրույցում խոսելով «Ելքի» հայտարարության մասին՝ ՀՀԿ-ական, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն ասաց. «Չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը կամ անդամակցությունից դուրս գալն ընդամենը պետք է լինի քաղաքական օրակարգ լրացնելու հարց, որովհետև դրան անցնելու ճանապարհին մենք բավականին լուրջ գործընթացներ ենք անցել՝ թե՛ օրենսդրության առումով, թե՛ քաղաքական վեկտորի առումով, հետևաբար՝ մենք պետք է քայլ անելուց առաջ նաև մտածենք դրա բոլոր հետևանքների մասին»:

Մեր ճշտող հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ այս տարիների ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելն արդարացրե՞լ է իրեն,  Հ. Սահակյանն այսպես պատասխանեց.

«Հիմա ոտքի վրա, մեկ-երկու րոպեում դրա մասին խոսելը, չեմ կարծում, որ ճիշտ է, իսկ, ընդհանուր առմամբ, եթե նայենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր տնտեսությունում, օրինակ, կապը Ռուսաստանի մեծ շուկայի հետ կամ ԵԱՏՄ-ի ընդհանուր գործընթացների հետ, կարելի է ասել՝ դրական դինամիկան կա, և, եթե այն ծրագրերը, մոտեցումները, որոնք կան, մենք կարողանանք հաջող իրականացնել՝ բոլոր ռիսկերը հաշվի առնելով, կարծում եմ՝ մենք կունենանք դրական տեղաշարժ, դրական միտում, և այս պրոյեկտը կդիտարկվի՝ որպես դրական»:

Հարցին՝ հասարակության մեջ տեսնո՞ւմ եք ԵԱՏՄ-ից դուրս գալու տրամադրություններ, Հ. Սահակյանը պատասխանեց, որ տրամադրությունները կարող են տարբեր լինել, որովհետև հայ հասարակության 3-4 միլիոն գնահատական տվողների մեջ կլինեն և՛ ԵԱՏՄ-ի կողմնակիցներ, և՛ այլ արժեքների կամ մոտեցումների կրողներ:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ փողոցների անվանափոխության հետ կապված, ի՞նչ ցույց տվեց՝ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունները շա՞տ են, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Սահակյանն ասաց.

«Այդ անվանափոխումն էլ պետք է լինի ավելի պատճառաբանված, ավելի բովանդակային, ինչի մասին խոսել են մեր բոլոր ընկերները: Մենք այսօր ունենք հերոսներ, բայց կան մարդիկ, ովքեր նույն Սովետական Միության ժամանակ մատուցել են ծառայություններ՝ ի բարօրություն մեր պետության, ժողովրդի, դրա համար դա հետանցում է նույնիսկ, պետք է լինի ավելի բովանդակային, ավելի պատճառաբանված՝ չմոռանալով նաև անցյալը: Ստացվում է, որ մենք նաև մեկ-երկու դարաշրջան կամ հասարակարգ անցնելուց հետո կարող ենք մոռանալ մեր այսօրվա հերոսներին, դրա համար այդ ամբողջը պետք է լինի քննարկված, բովանդակային»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս