«Տուժելու է երեխաների կրթությունը». Անահիտ Բախշյանը՝ աշնանային արձակուրդներին սպասվող դպրոցների օպտիմալացումների մասին
Ինչպես հայտնի է, այս տարի 13 դպրոց միանալու է այլ 13-ի, և այդ օպտիմալացման գործընթացը տեղի է ունենալու աշնանային արձակուրդների ժամանակ՝ նոյեմբեր ամսին: Երբ կառավարության նիստին հայտարարվեց այդ որոշման մասին, այդ դպրոցներից մի քանիսի տնօրենները լրատվամիջոցներին հայտնեցին, որ իրենց նախապես չի զգուշացվել, որ իրենց դպրոցը միանալու է մեկ այլ դպրոցի:
168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն էլ խոսել էր այն մասին, որ այս գործընթացը մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում, և շատ վատ է այն տնօրենների վիճակը, որոնց նախօրոք սրա մասին չեն զգուշացրել: «Բոլորովին չեմ նախանձում այդ տնօրեններին, որովհետև, եթե ես լինեի իրենց տեղում, ապա կախվելը քիչ կլիներ ինձ համար: Ուսումնական տարվա սկզբին մարդիկ իմանում են, որ կա՛մ իրենք այլևս չեն գործելու, կա՛մ միացվելու են: Ավելի տգետ, վատ, անխիղճ կառավարում դժվար է պատկերացնել: Ես արդեն ասել եմ, որ այս գործընթացը պետք է մեկուկես, երկու տարի առաջ սկսվեր, նախապես ասվեր դպրոցներին, որ՝ դուք փակվելու եք, միանալու եք սրան, մտածեք՝ ինչպես անեք, ինչպես այդ ուսուցիչների հետ աշխատեք, ինչպես ընտրեք՝ լավագույնին պահեք, ոչ թե համատարած ամբողջ կոլեկտիվը դրեք ու ոչնչացրեք»,- ասել էր Ա. Բախշյանը:
Սեպտեմբերից առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք 2 ամիս առաջ են տեղեկացրել բոլոր տնօրեններին նախատեսվող օպտիմալացումների մասին:
168.am-ի հետ զրույցում Ա. Բախշյանն անդրադառնալով Աշոտ Արշակյանի ասածին՝ նկատեց, որ կա՛մ մեկը, կա՛մ մյուսը ճիշտը չի ասում:
«Իմ դիտարկմամբ՝ տնօրենները տեղյակ չեն եղել: Ինչի՞ց է երևում, այն հանգստությունը, որ իրենք ունեցել են մինչև կառավարության որոշման օրը, եթե իրենք նախապես իմանային, կառավարության որոշման օրը բերանները բաց չէին մնա: Հնարավոր է՝ իրենք էլ անտարբեր մարդիկ են ու ոչ մի քայլ չեն արել, երկուստեք փնթի գործունեություն է»,- նշեց Ա. Բախշյանը:
Մեր զրուցակիցը խոսեց նաև այն մասին, թե աշնանային արձակուրդներից հետո այդ օպտիմալացման գործընթացն ինչ հետևանքներ կարող է ունենալ. «Հիմա պատկերացնո՞ւմ եք, այդ երեխաները գնում են մի դպրոց, նոյեմբերից գնում են մյուս դպրոցը, միայն կրթության մարդ չլինելն է պատճառը, որ չեն պատկերացնում, թե հիմա ինչ է այդ դպրոցի տնօրենի վիճակը, ոնց է ինքն այդ բոլորն անելու: Անելու են, իհարկե, բայց ինչի՞ հաշվին, միայն երեխաների կրթության հաշվին, տուժելու է երեխաների կրթությունը, սա միանշանակ է՝ այն դեպքում, երբ միացումների հիմնավորման մեջ գրված է՝ կրթության որակը բարձրացնելու համար է արվում: Կրթության որակը բոլորովին կապ չունի աշակերտների թվի հետ, այնպես որ, դա ավելորդ կեղտը ձյունով ծածկելու նախադասություն է»: