Բաժիններ՝

Գրեթե 480 հազար դոլարով վաճառվել է «Կասաբլանկա» ֆիլմի իտալական ազդագիրը

ԱՄՆ-ում 478 հազար դոլարով աճուրդով վաճառվել է հոլիվուդյան «Կասաբլանկա» հռչակավոր ֆիլմի (1942) պահպանված միակ իտալական գովազդային պլակատը: Այս մասին հայտնել են Heritage Auctions աճուրդային տան ներկայացուցիչները, որը կազմակերպել էր աճուրդը:

Խոսքը վերաբերում է այն պլակատին, որը հատուկ նկարվել է 1946 թվականին ֆիլմի իտալական պրեմիերայի համար, որը կայացել է ԱՄՆ-ում կինոժապավենի սկզբնական ռելիզից չորս տարի անց: Պլակատի սպիտակ-կանաչ ֆոնին պատկերված են դերասաններ Համֆրի Բոգարտը եւ Ինգրիդ Բերգմանը, որոնք խաղացել են գլխավոր դերերն այդ դասական կինոնկարում, որը պատմում է սիրո մասին Երկրորդ աշխարհամարտի ֆոնին:

Ազդագիրն ավելի վաղ պատկանում էր լոնդոնցի մասնավոր հավաքորդի: Պլակատի նոր տերը ցանկացել է անհայտ մնալ: Դալլասում (Տեխասի նահանգ) գտնվող աճուրդային տան ներկայացուցիչներն սկզբնապես լոտը գնահատել էին 200 հազար դոլարից ոչ ավելի, սակայն ի վերջո հասույթը գերազանցել է բոլոր ակնկալիքները:

Ռեժիսոր Մայքլ Քյորտիցի՝ 1942 թվականին ԱՄՆ-ում վարձույթ դուրս եկած «Կասաբլանկան» գործնականում անմիջապես ստացել է հանդիսականի եւ քննադատների ամենաբարձր գնահատանքը: Կինոնկարը ներկայացվել է «Օսկարի» ութ մրցանակների եւ ստացել դրանցից երեքը, ներառյալ տարվա լավագույն ֆիլմի համար պարգեւը: Հետագայում այս սեւ-սպիտկ ֆիլմի ազդեցությունը կինեմատոգրաֆի վրա բազմիս ճանաչվել է աշխարհի փորձագետների եւ կինոգետների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս