Կարեն Կարապետյան ընդունել է ՎԶԵԲ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և նշել, որ երկկողմ գործընկերության փաթեթը ներառում է մոտ 1,1 մլրդ եվրոյի 158 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ ավելացնելով, որ բանկի հետ ընթացիկ՝ 2015-2019 թթ. ռազմավարությամբ ամրագրված 3 ուղղություններն էլ՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանումը, կապիտալ շուկաների զարգացումը, կայուն և առևտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացումը, չափազանց կարևոր են: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել և ընթացքի մեջ են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երևանի մետրոպոլիտենի արդիականացման, քաղաքային լուսավորության ծրագրերը:

Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ ղեկավարությանը՝ «Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի» գլխամասային գրասենյակի՝ Հայաստանում տեղակայելու որոշմանը մեծապես աջակցելու համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է նաև Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը, որը մշակվել է ՎԶԵԲ-ի փորձագետների կողմից, կարևորել ՎԶԵԲ-ի հետ բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծումը և այդ գործընթացի վերջնականացումը: Կառավարության ղեկավարը կարևորել է ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություների իրականացման համատեքստում, ինչը հնարավորություն կընձեռի առավել համապարփակ դարձնել ձեռնարկությունների կորպորատիվ սնանկացման ընթացակարգերին առնչվող օրենսդրությունը: Գործադիրի ղեկավարը հետագա համագործակցության առումով կարևորել է նաև ոչ սուվերեն վարկավորման մեխանիզմների առավելագույնս կիրառումը՝ առաջնահերթությունը տալով պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափերին և ուղղակիորեն համայնքներին վարկավորելու հնարավորություններին: Այդ առումով, Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել ՎԶԵԲ-ի կողմից ՏՏ և բարձր տեխնոլոգիաների սկսնակ ընկերությունների ներդրումային մեխանիզմների ձևավորման կամ առկա մեխանիզմերում ներգրավման տարբերակներ:

Իր հերթին, Սումա Չակրաբարտին ընդգծել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցության փաստը և շեշտել, որ ՎԶԵԲ-ը ցանկանում է մեր երկրում ներդրումային միջոցները տեսնել ավելի շատ ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատվածում, ՓՄՁ նախաձեռնություններում: Նրա խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանի համար ունի «քանակի և որակի» նոր օրակարգ և պատրաստ է շարունակել իր օժանդակությունը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում: ՎԶԵԲ նախագահի խոսքով, առանց ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ երկկողմ համագործակցության զարգացումը չէր լինի և սա լավ ուղերձ է ներդրողների, այդ թվում՝ միջազգային հանրության համար:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, կորպորոտիվ կառավարման զարգացմանը, «Թվային Հայաստան» օրակարգի իրականացմանն առնչվող այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս