«Մեր տվյալներով՝ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է մոտ 40 հազարով». Հրաչ Բերբերյան

«Ես զարմանում եմ, որ Գյուղատնտեսության նախարարությունը մինչև այսօր չի հայտարարել, որ մեզ մոտ երաշտ է։ Պրակտիկայում այսպես է՝ եթե 21 օր տեղումներ չեն լինում, կարող ես հայտարարել երաշտ։ Վերջին երկու ամսվա ընթացքում մի երկու անգամ է տեղում եղել, և մեզ մոտ միանշանակ երաշտ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին, ապա Բերբերյանի խոսքով՝ ջուր չկար, և գյուղացին վնասներ կրեց, հատկապես՝ կարտոֆիլի բերքի հետ կապված. «Կարտոֆիլի բերքատվությունը հատկապես Շիրակի գոտում ցածր եղավ։ Երաշտն ազդել է և՛ պտղի բերքի վրա, և՛ բանջարեղենի բերքի վրա։ Արարատյան հարթավայրում տարածքները հիմնականում ոռոգելի են, և կարևոր էր, որ ջուրը շուտ հասներ, բայց խնդիրները չլուծվեցին։ Ծանր է վիճակն անասնապահության ոլորտում։ Խոտի տուկն անցած տարվա համեմատ կրկնակի թանկացել է, ինչը պայմանավորված է երաշտով։ Այսինքն՝ անասնակերի լուրջ խնդիր ունենք»։

Բերբերյանի խոսքով՝ անասնապահության ոլորտի լուրջ խնդիրներից է նաև անասունների գլխաքանակի անկումը. «Մի կողմից՝ կառավարությունը ճիշտ ուղղություն է վերցրել՝ մորթման կետերը զարգացնելու, տարբեր հիվանդությունների փոխանցման վտանգը կանխելու համար, որ վաճառասեղանին լինի բարձրորակ մսամթերք։ Այսօր մսի գինը թանկացել է.  տավարի միսը թանկացել է մոտ 400 դրամով, խոզի միսը՝ մոտ 1000 դրամով։ Սա մորթման կետերի հետ կապել չի կարելի, սա կապված է անասունների գլխաքանակի անկման հետ։ Մեր տվյալներով՝ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է մոտ 40 հազարով՝ նախորդ տարվա համեմատ, և, բնականաբար, մսի գինը պետք է բարձրանար։ Այդ 40 հազարի մոտ 26 հազարը կթու կովերն են»։

Բերբերյանը նկատեց՝ օրինակ՝ Շիրակի մարզում գյուղապետն ասում է, որ իր մոտ համաճարակ է, կենդանիները վարակված են բրուցելյոզով, իսկ Գյուղնախարարությունից պնդում են, թե համաճարակ չկա, ինչը, ըստ նրա՝ ծածկադմփոց է. «Այս թերությունները պետք է վերացնենք»։

Տեսանյութեր

Լրահոս