Պետական գույքի մասնավորեցման գործում կսահմանվի խիստ հսկողություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հիշեցրեց մասնավորեցման գործընթացի հետ կապված հանձնարարականի մասին:
«Պարոն Սահակյան, մասնավորեցման գործընթացը արագացնելու հետ կապված դուք խնդրել էիք և մենք մի հանձնարարական էինք ձևակերպել: Մեր գործընկերներին հնչեցրեք ձեր ակնկալիքները»,- ասաց վարչապետը:
Արման Սահակյանը նշեց, որ մասնավորեցման ծրագրում ընդգրկված են 47 ընկերություններ, որոնց մի մասը` 23 ընկերությունները 2006-2007 թթ ծրագրից է տեղափոխվել: «Հիմա, որպեսզի այս գործընթացն արագ իրականացնենք, մի քանի խնդիրներ կան` կապված ելակետային տվյալների ներկայացման հետ, որպեսզի մենք կարողանանք գույքը ժամանակին գնահատել և մասնավորեցման որոշումները բերել կառավարություն և հնարավորինս արագ այդ գործընթացն ապահովել»- ասաց նա:
Սահակյանը բոլոր գործընկերներին խնդրեց, որ իրենց ենթակայության առևտրային կազմակերպություններին հանձնարարեն խիստ հսկողություն սահմանել և իրենց մասնագետների հետ աշխատել, քանի որ տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրներ կան` կապված ընկերությունների կանոնադրություններում համապատասխան փոփոխություններ կատարելու, գույքի փաստաթղթերի և պարտավորությունների գույքագրման, աուդիտների հետ:
«Ընդամենը խնդրանքս այն է, որ խիստ հսկողություն սահմանեն այդ ընկերությունների գործունեության հետ կապված»,- հավելեց նա: