Մեհման Ալիևի պաշպանության քայլեր են ձեռնարկվում
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նամակ է ուղարկել և կոչ արել ազատ արձակել «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Amnesty International-ը Ալիևին ուղարկված նամակում խստորեն քննադատել է անկախ լրագրողի ձերբակալությունը:
Նամակում նշվում է, որ Մեհման Ալիևի ձերբակալությունը նույնպես ուղղված է այդ երկրում անկախ մամուլը լռեցնելուն և խոսքի ազատության սահմանափակմանը:
«Մեհման Ալիևի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն այն նույն մեղադրանքներն են, որ վերջին տարիներին Ադրբեջանի վերնախավը կիրառում է իշխանությանն քննադատներին լռեցնելու նպատակով»,-ասված է կազմակերպության հրապարակման մեջ:
Ադրբեջանի իշխանություններին Մեհման Ալիևի ազատ արձակման պահանջ են ներկայացրել նաև Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունները:
Մեհման Ալիևի ձերբակալությանն անդրադարձել է ԱՄՆ սենատոր Մարկո Ռիբիոն, ով նույնպես պահանջել է ազատ արձակել «Թուրան»-ի տնօրենին:
«Ադրբեջանի իշխանություններից պահանջում եմ անմիջապես ազատ արձակել հայտնի լրագրող Մեհման Ալիևին: Ո՛չ մամուլի ազատության դեմ ուղղված ճնշումներին»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է սենատորը:
Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Նովելլա Ջաֆարովան, Սաիդա Գոջամանլըն, Սադդաթ Բանանյարլըն, Ավազ Հասանովը, Միրավի Գահրամանլըն, Արզու Աբդուլլաևան և Զելիհա Թահիրովան դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` հայցելով Մեհման Ալիևին առաջադրված մեղադրանքների շուրջ արդար հետաքննություն, և խնդրել ազատ արձակել նրան:
Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով: